«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը եւ նրա գործընկերը՝ RD Group ընկերության հիմնադիր Գագիկ Ադիբեկյանը, որոշել են բաժանել համատեղ բիզնեսը, հաղորդում է «Վեդոմոստի»-ն` վկայակոչելով գործարարների շրջապատում աղբյուրներին եւ նրանց հետ աշխատած խորհրդատուներին:

Վարդանյանը եւ Ադիբեկյանը հանդես են գալիս որպես Avica Management Company ընկերության կողմից կառավարվող ֆոնդերի համաներդրողներ: Ընկերության պորտֆելում ակտիվների ընդհանուր արժեքն ավելի քան 1 մլրդ դոլար է: Դրանց թվում է Կուտուզովի պողոտայի վրա գտնվող «Վրեմենա գոդա» առեւտրի կենտրոնը, Dream House առեւտրի կենտրոնը՝ Ռուբլյովկայում, Մոսկվայի կենտրոնում գտնվող «Ռոմանով դվոր» գործարար թաղամասը, մասնաբաժինը «Վոզդվիժենկա» (նախկինում «Վոենտորգ») բիզնես կենտրոնում եւ այլն: Բացի այդ, Avica-ին է պատկանում նաեւ 50 տոկոսը ЕСЕ Russland ընկերությունում:

Ըստ «Վեդոմոստի»-ի՝ բանակցությունների երկու կողմերին էլ մոտ աղբյուրների՝ գործընկերների միջեւ գույքի բաժանումը դեռեւս չի ավարտվել, սակայն այս փուլում ենթադրվում է, որ Ադիբեկյանի RD Group-ը կստանա Avica-ի ֆոնդերի բոլոր առեւտրային օբյեկտները: Բացի Dream House եւ «Վրեմենա գոդա» առեւտրի կենտրոններին, նրանք նշում են նաեւ «Օբի Բոռովսկոյե» (Մոսկվա) եւ «Օբի Պուլկովսկոյե» (Սանկտ Պետերբուրգ) հիպերմարկետները: Վարդանյանին, ըստ «Վեդոմոստի»-ի զրուցակիցների՝ կփոխանցվի «Ռոմանով Դվոր»-ը եւ «Վոզդվիժենկա» բիզնես կենտրոնի մասնաբաժինը:

Վարդանյանի, Ադիբեկյանի եւ Avica Management Company-ի ներկայացուցիչները հրաժարվել են պատասխանել պարբերականի հարցերին:

«Տրոյկա Դիալոգ»-ի հիմնադիր եւ նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը Forbes-ի վարկանիշում Ռուսաստանի խոշորագույն 200 գործարարների շարքում զբաղեցնում է 99-րդ տեղը՝ 950 միլիոն դոլար կարողությամբ: Վարդանյանը եւ նրա գործընկերները 2011 թվականին 1.35 մլրդ դոլարով վաճառեցին «Տրոյկա Դիալոգ»-ը «Սբերբանկ»-ին: 2013 թվականին Ֆինանսիստը հիմնադրեց «Վարդանյան, Բրոյտման եւ գործընկերները» ներդրումային ընկերությունը, որը, մասնավորապես, ներդրումներ է կատարել «Բալթտրանսսերվիս» նավթային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունում, «ԿամԱԶ»-ում,  Mediacrat հրատարակչատանը (Big Sport ամսագիր եւ այլն), ինչպես նաեւ UFS երկաթուղային տոմսերի առցանց վաճառքի ընկերությունում: