Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր՝ փետրվարի 9-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարություն-ԱՄՆ ՄԶԳ համագործակցությանը նվիրված շնորհանդես-քննարկում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերի, ԱՄՆ ՄԶԳ  աշխատակազմի եւ պետական մի շարք գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարեւորել է ԱՄՆ ՄԶԳ հետ 1992 թ. ի վեր ծավալված համագործակցությունը եւ նշել, որ այսօրվա շնորհանդեսը լավ առիթ է քննարկելու ու մտքեր փոխանակելու, թե որտեղ ենք գտնվում եւ ինչպես ենք ուզում շարժվել առաջ:

Հայաստանում ԱՄՆ դեսպանը նշել է, որ ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության 70 տոկոսն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի եւ մեխանիզմների միջոցով: Ռիչարդ Միլսի խոսքով՝ ներկայում USAID-ն Հայաստանում իրականացնում է 30-ից ավելի ծրագիր, որոնց շրջանակում օժանդակություն է ցուցաբերվում ՀՀ կառավարության կողմից  առաջնահերթ համարվող ոլորտների բարեփոխումներին՝ տնտեսություն, կառավարում, դատական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը ներկայացրել է իրականացվող ծրագրերի ցանկը եւ հիմնական արդյունքները՝ նշելով, որ USAID-ի հիմնական նպատակներն են սատարել Հայաստանում տնտեսական աճի ապահովմանը (նպաստավոր միջավայր առեւտրի եւ ներդրումների համար ու թիրախային ոլորտների մրցունակության բարձրացում) եւ ժողովրդավարության զարգացմանն ու կառավարման բարելավմանը (քաղաքացիական ավելի մեծ մասնակցություն ու վերահսկողություն բարեփոխումներում եւ քաղաքականության մշակման ու իրականացման առավել բաց մոտեցումներ): Տնտեսական աճի ապահովմանն ուղղված ծրագրերը հիմնականում իրականացվում են էներգետիկայի, գյուղի զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ջրային ռեսուրսների բնագավառներում, իսկ ժողովրդավարության եւ կառավարման ոլորտում համատեղ աշխատանքները միտված են վարչատարածքային, երեխաների պաշտպանության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի եւ հումանիտար ոլորտներում ծրագրերի իրականացմանը: Դեբորա Գրիսերը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ արդյունավետ համագործակցության համար եւ ընդգծել, որ ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստ է Հայաստանի կառավարության հետ համատեղ քննարկել հետագա գործընկերության ուղղությունները՝ իր մոտեցումները համապատասխանեցնելով մեր երկրի  զարգացման  առաջնահերթությունների հետ:

ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ ծրագրեր իրականացնող շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել տարիների ընթացքում հաջող գործակցության համար՝ ներկայացնելով արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաեւ պատկերացումները հետագա փոխգործակցության վերաբերյալ:

Ամփոփելով մտքերի փոխանակումը՝ կառավարության ղեկավարը նույնպես շնորհակալություն է հայտնել ԱՄՆ գործընկերներին տպավորիչ համագործակցության համար, որի արդյունքում արձանագրվել են շոշափելի արդյունքներ: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը գտնվում է կարեւոր բարեփոխումների փուլում, եւ ԱՄՆ ՄԶԳ հետ գործակցության խորացումը մեծ նշանակություն ունի: «Մենք ունենք բաց գործընկերային հարաբերություններ՝ եւ´ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, եւ´ USAID-ի հետ: Մենք չափազանց շահագրգռված ենք այդ համագործակցության մեջ: Առաջնահերթությունները շատ են՝ հակակոռուպցիոն քաղաքականություն, սնանկացում, դատական համակարգ, ոռոգման համակարգի ռեֆորմ, առողջապահության ապահովագրում, տեսչական մարմիններին տեխնիկական եւ ինստիտուցիոնալ աջակցություն, թվային օրակարգ, գյուղատնտեսություն, տարածքային կառավարում, ռեգիոնալ եւ կենտրոնական մարմինների իրավունքների բալանսավորում, հարկային, մաքսային վարչարարություն, սոցիալական հասցեականություն, վարչական ռեգիստր եւ բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն: Չի գալու մի պահ, որ մենք օրակարգում խնդիր չունենանք, բայց հիմա հետաքրքիր, ֆունդամենտալ ռեֆորմներ իրականացնելու ժամանակն է», - նշել է ՀՀ վարչապետը: