ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցնում է, որ «Ալավերդցի Վահագնի» գործով Լոռու մարզի քննչական վարչությունում 1 պաշտոնատար անձի կալանավորման, եւս մեկի ձերբակալության գործով իրականացվելու է լրիվ օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն:

Այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը Արթուր Դավթյանը նախ հիշեցրեց, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում Կամո Փիրուզյանի սպանության գործով նախաքննությունը Լոռու մարզի քննչական վարչությունում ավարտվել եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր գործը վերահսկող դատախազին, սակայն վերջինս այն չէր հաստատել՝ տեսնելով խնդիրներ գործի քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ապահովելու ուղղությամբ եւ ուղարկելով լրացուցիչ նախաքննության:

«Իմ կողմից վերցվել է գործն ու ուղարկվել Քննչական կոմիտե՝ նախաքննությունը ՀԿԳ վարչությունում շարունակելու առաջարկով, ինչն էլ բավարարվել է եւ այս բացահայտումներն ունեցանք: Պաշտոնատար անձանց կողմից հնարավոր հանցավոր մասնակցությանը պարզելու համար հարուցված է քրեական գործ, այս պահին ունենք մեկ մեղադրյալ եւ եսւ մեկը ձերբակալված է, վստահեցնում եմ՝ իրականացվելու է բազմածավալ քննություն հնարավոր բոլոր անձանց ներգրավվածությունը բացահայտելու համար, ցանկացած անձ, ով դրանում համապատասխան մասնակցություն  է ունեցել»,- ասաց գլխավոր դատախազը:

Լրագրողների դիտարկմանը, թե կալանքի տակ գտնվող պաշտոնատար անձը բարեկամական կապեր ունի ՀՔԾ-ի պաշտոնյաներից մեկի հետ, Արթուր Դավթյանը նշեց, «Վստահեցնում եմ, որ Հատուկ քննչական ծառայությունում անկախ բարեկամական կապից իրականացվելու է լրիվ օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն»: