ԱՄՆ օրինագիծը, որով խրախուսվում են ԱՄՆ-ի եւ թայվանցի կառավարական պաշտոնյաների փոխայցելությունները, սպառնում է Թայվանի նեղուցի կայունությանը, եւ Վաշինգթոնը պետք է այս նախագծից հրաժարվի: Այս մասին նշված է Չինաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է Reuters-ը: 

Օրինագիծն այս շաբաթ ընդունել է ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեն եւ ներկայումս մտել է Սենատի օրակարգ:

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը նշել է, որ օրինագծի հոդվածները իրավաբանորեն պարտադիր չեն, սակայն «մեկ Չինաստանի» սկզբունքի լուրջ խախտում են: «Եթե այն ընդունվի եւ գործողության մեջ դրվի, ապա Չինաստանի եւ ԱՄՆ հարաբերությունների մեջ լուրջ բարդություններ կառաջացնի»,- ասել է Գենը: Նրա խոսքով՝ Չինաստանը չափազանց դժգոհ է ու դրա դեմ վճռականորեն հանդես կգա, եւ արդեն ԱՄՆ-ին կոշտ նկատառումներ է ներկայացրել: Նա նշել է, որ «մեկ Չինաստանի» սկզբունքը Չինաստանի եւ ԱՄՆ հարաբերությունների քաղաքական հիմքն է: Միացյալ Նահանգները պետք է հետեւի իր խոստումներին, որոնք Չինաստանին տվել է Թայվանի հարցում, դադարեցնի այս օրինագծի քննարկումը, պաշտպանի 2 երկրների միջեւ հարաբերությունները եւ Թավանի նեղուցում կայունությունը, ասել է նա:

Մինչդեռ Թայվանը օրինագիծը ողջունել է, որը թույլ կտա ԱՄՆ կառավարության ավագ պաշտոնատար անձանց Թայվան այցելել՝ հանդիպելու իրենց թայվանցի գործընկերների հետ: