ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր՝ փետրվարի 9-ին, Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայան իր պաշտպանի հետ միջնորդեց գործով առանցքային վկա Ռոբերտ Ավալյանին հրավիրել դատարան եւ հարցաքննել:

Ավետիս Քալաշյանը դատարանում հայտարարեց, որ առաջին ատյանի դատարանում Ռոբերտ Ավալյանը ցուցմունք չի տվել, քանի որ այդ ժամանակ գտնվել է Վրաստանում եւ ձերբակալված է եղել:

«Քանի որ նա այս պատմության ծագող աղբյուրն է, նրա ցուցմունքից է ամեն ինչ սկսվել, եւ երեքիս հիմա դատում են, ճիշտ կլինի, որ նա ցուցմունք տա եւ հասկանանք, թե ինչ է ասել»,- հայտարարեց Սամվել Բաբայանը:

Մյուս ամբաստանյալներն էլ միացան միջնորդությանը:

Մեղադրողը նշեց, որ այս գործով Ռոբերտ Աղվալյանը այժմ կալաանվորված է, եւ գործը նախաքննության փուլում է գտնվում գործը: Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ հաջորդ դատական նիստին կհարցաքննեն Ռոբերտ Աղվալյանին:

Նշենք, որ այսօր դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական  նիստը նշանակվեց  փետրվարի 16-ին:

Նշենք, որ այս գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը եւս դիմել է Վերաքննիչ դատարան: Նա պահանջում է բեկանել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ իրեն ճանաչել անպարտ: Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար, որոնց վերաբերյալ դատարանը դատավճիռ կայացրեց նոյեմբերի 28-ին: Մեղադրյալները դատապարտվեցի 2-ից մինչեւ 6 տարվա ազատազրկման: