Հարգում եմ «Ելք»-ի որոշումը, բայց դա չի նշանակում, որ եթե ես «եթե»-ներից հետո ընտրվեմ նախագահ, իրենց հետ չեմ աշխատելու: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով փաստին, որ «Ելք»-ը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու ԱՐմեն Սարգսյանի թեկնածությանը:

«Իրենք ընդդիմադիր կառույց են, որոնք արտահայտում են հասարակության որոշակի մասի կարծիքը: Ես նայում եմ առաջ, իրենց հետ շարունակելու եմ աշխատել հիմա եւ հետո»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Անդրադառնալով փաստին, որ ինքը Բրիտանիայի քաղաքացի է, հետեւաբար չի կարող լինել ՀՀ նախագահ, Արմեն Սարգսյանն արձագանքեց. «Այո, ես եղել եմ Մեծ Բրիտանիային քաղաքացի: 2000 թվականին, երբ ազատվեցի դեսպանի պաշտոնից, ընդ որում աշխատում էի նորից առանց աշխատավարձի, դրանից հետո դիմել են քաղաքացիության համար եւ ստացել եմ Բրիտանիայի քաղաքացիություն 2002 թվականին: Դրանից հետո քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011-ին: Ես տասնյակ ընկերությունների, կազմակերպությունների խորհրդի անդամ եմ եղել՝ սկսած համաշխարհային World Economic Forum-ից, Euro-atlantic Council-ից եւ այլն:

2011-ին հրաժարական տալուց հետո Financial Times-ում հայտարարություն չեմ տվել, որ գնացել եմ եւ բոլոր տեղերում ինձ ընդունել են որպես Արմեն Սարգսյան, ոչ թե որպես Բրիտանիայի քաղաքացի կամ Հայաստանի քաղաքացի»:

Հարցին, թե ինչպե՞ս է փաստաթղթերում, պետռեգիստրում մնացել, որ ինքը Բրիտանիայի քաղաքացի է, Արմեն Սարգսյանն արձագանքեց. «Դուք եթե միջազգային տարբեր ընկերություններում նայեք, կարող է տեսնեք, որ ես դեռ Բրիտանիայի քաղաքացի եմ: Դուք պատկերացնում եք, որ Բրիտանիայում, հենց որ մեկը հրաժարական տվեց, ամեն տեղից նրա անունը հանո՞ւմ են»:

Նա ընդգծեց, որ Բրիտանիայի քաղաքացիություն ստացել է, որովհետեւ իր գործունեության համար դա անհրաժեշտ էր. «Որպեսզի ես եւ ճանապարհորդեմ, եւ տարբեր երկրներում լինեմ, անվտանգության խնդիրներ կային, իսկ հրաժարվեցի, որովհետեւ դրա կարիքը այլեւս չկար, ոչ թե որովհետեւ 2011 թվականին մտածում էի, որ դուք պիտի Սահմանադրությունը փոխեք, ես պետք է դեսպան դառնամ, հետո էլ պիտի դառնամ թեկնածու»:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին առաջարկել է դառնալ ՀՀԿ-ի կողմից առաջադրվող ՀՀ նախագահի թեկնածուն: Վերջինս հայտարարել է, որ կմտածի առաջարկի ուղղությամբ: