Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆերովն արհեստական ինտելեկտի տեսանկյունից դեռեւս մարդկանությանը սպառնացող իրական վտանգ չի տեսնում։

Իսկ մեքենաների պատերազմ եւ «ստրուկների ապստամբություններ» չի կանխատեսում․ «Մենք դեռ հեռու ենք դրանից։ Սակայն վտանգ կա»։ Ակադեմիկոսի խոսքով՝ մեքենաներին լիովին վստահել չի կարելի։

Համաշխարհային ճանաչում ունեցող ֆիզիկոսը եւ ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի գիտական կենտրոնի ղեկավարը ափսոսանք է հայտնել, որ էլեկտրոնային տեխնոլոգիաներն այսօր բոլորին հասանելի են, սակայն պետք է սահմանափակ լինեին։ Ասվածը վերաբերում է նաեւ համացանցի ռեսուրսներին։

«Համացանցը պետք է սահմանափակումներ ունենա։ Այն չպետք է հասանելի լինի բոլորին»,-հայտարարել է ակադեմիկոս Ալֆերովը «Ռոսիյսկոյ գազետա»-ին տված հարցազրույցում։

Նա իր կարծիքը հիմնավորել է այն հանգամանքով, որ վերահսկողության եւ խելամիտ սահմանափակումների բացակայությունը վնաս է հասցնում մարդկանց, ազդում նրանց վարքագծի, բարոյական ուղղվածության եւ հոգեկան առողջության վրա։