Իրաքին մոտ 100 մլրդ դոլարի ներդրումներ են հարկավոր երկրի տարբեր հատվածների վերակառուցման եւ «Իսլամական պետության» հետ եռամյա պատերազմից հետո տնտեսության վերակենդանացման ծրագրի շրջանակներում տրանսպորտի, էներգետիկայի եւ գյուղատնտեսության վերականգնման համար, հաղորդում է Reuters-ը:

Կառավարության ազգային ներդրումային հանձնաժողովը 157 նախագծից բաղկացած ցուցակ է հրապարակել, որոնց համար անհրաժեշտ են ներդրումները: Նախագծերը կներկայացվեն փետրվարի 12-ից 14-ը Քուվեյթում կայանալիք Իրաքի վերակառուցման միջազգային համաժողովին:

Այդ նախագծերից որոշները վերաբերում են ոչնչացված օբյեկտների վերականգնմանը, ինչպիսին է Մոսուլի օդանավակայանը, մինչդեռ մյուսները նոր նախագծեր են, որոնք ուղղված են տնտեսության ամրապնդմանն ու նավթից դիվերսիֆիկացմանը, նշել է Իրաքի վարչապետի տնտեսական հարցերով խորհրդատուն:

Հիշեցնենք, որ Իրաքը «Իսլամական պետության» նկատմամբ հաղթանակի մասին հայտարարեց անցյալ տարվա դեկտեմբերին՝ վերադարձնելով զինյալների կողմից 2014 եւ 2015 թվականներին գրավված տարածքները: