Փողերի լվացման մեղադրանքն ինձ ընդհանրապես չի վերաբերում, ինչը ես կարող եմ ապացուցել: ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր՝ փետրվարի 9-ին, հայտարարեց Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը:

«Էդ մարդու հետ, որ ես խոսել եմ, 170 հազարի գործ ենք արել, թղթի վրա երկուսիս ստորագրություններն էլ կան  ու բանկում մուծումները կան, էդ չեկերն էլ Ձեզ մոտ են, գործի մեջ կարված է: Եթե մարդու խոսակցությունները քննիչը պետք է մեկնաբանի, ապա դա ես փաստ չեմ համարում, ես կոնկրետ գործողություններն եմ փաստ համարում: Ես գողություն չեմ արել, չեմ օժանդակել գողության եւ երկրոդ փող չեմ լվացրել: Հարց եմ տալիս, ում հետ ինչ եմ խոսել, կարողա քֆուր եմ տվել, ի՞նչ կապ ունի այս մեղադրանքի հետ»,- դատարանում հայտարարեց Սամվել Բաբայանը՝ դատարանին խնդրեց մանրամասն ծանոթանալ գործում առկա նյութերին:

Սամվել Բաբայանը հավելեց, որ իր գործողություններից հետո 8 ամիս գործ չի հարուցվել, այնուհետեւ միանգամից մտածել են, որ փողերի լվացում է կատարվել, ինչը տարօրինակ է. «Միակողմանի ձեր ուզած ենթաքդրություններ եք անում, եւ ասում եմ, որ մեղադրանքն ապօրինի է եւ իրականության հետ կապ չունի: Եթե էդ տրամաբանությամբ եք առաջնորդվում,ապա բոլոր չենջերի տերերին պետք է ձերբակալեք, սակայն այստեղ հանցանք կամ հանցագործություն չկա»:

Սամվել Բաբայանը եւս մեկ անգամ դատարանին խնդրեց շատ ուշադիր քննել գործում առկա բոլոր նյութերը:

Նշենք, որ այս գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը եւս դիմել է Վերաքննիչ դատարան: Նա պահանջում է բեկանել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ իրեն ճանաչել անպարտ: Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար, որոնց վերաբերյալ դատարանը դատավճիռ կայացրեց նոյեմբերի 28-ին: Մեղադրյալները դատապարտվեցի 2-ից մինչեւ 6 տարվա ազատազրկման: