Արմեն Սարգսյանի հետ հանդիպման հենց սկզբում մենք արձանագրել ենք, որ մենք նախագահի մեր թեկնածուն ունենք՝ Արտակ Զեյնալյանը, բնականաբար նախագահի պաշտոնում իր տեսլականի շուրջ է եղել խոսակցությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում, ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա ներկայացրեց, թե կոնկրետ ինչ հարցադրումներով են դիմել Արմեն Սարգսյանին.

«Հարցրել ենք` ինչպես է վերաբերվում այն փաստին, որ ի հեճուկս նրան, որ Սերժ Սարգսյանը  հստակ հայտարարել է, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, բայց պրոցեսները գնում են հենց դրան: Դա ներքաղաքական վիճակը սրելու լուրջ պոտենցիալ ունեցող հարց է եւ նա, ով լինելու է  նախագահ, լուրջ խաչմերուկի եւ դերակատարման մեջ կարող է հայտնվել»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, իրենք հարցրել են, թե Արմեն Սարգսյանն ինչպես է վերաբերվում, որ նախագահական նստավայրը պատրաստվում են խլել նոր նախագահից, նաեւ ինչպես է վերաբերում ներման համակարգի փոփոխությանը, քանի որ Սահմանադրությամբ հստակ նախագահին է վերապահված այդ իրավունքը, սակայն հիմա այն դե ֆակտո դառնում է վարչապետի գործառույթ:

«Ընտրակաշառքների մասին իր գնահատականներից ենք հետաքրքրվել, նաեւ Մարտի 1–ի հարցով դիրքորոշումները ճշտել, քաղբանտարկյալների հարցն ենք բարձրացրել եւ նաեւ իր քաղաքացիության հարցը խնդրել պարզաբանել, որ մամուլում նշվում է»,-ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ Արմեն Սարգսյանը պատասխանել է հարցերին, ինչն իրենք ընդունել են ի գիտություն:

«Ելք» խմբակցության ղեկավարը հրաժարվեց ներկայացնել հանդիպման բովանդակային մասը, թե ինչ է պատասխանել իրենց Արմեն Սարգսյանը՝ համարելով դա ոչ կոռեկտ:

Հարցին, թե արդյոք Արմեն Սարգսյանը մոտեցումներով տարբերվո՞ւմ է գործող իշխանության որդեգրած  քաղաքականությունից, «Ելք» խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ եթե նա ՀՀԿ-ի թեկնածու է, ուրեմն ինքը այդպիսով իշխանության թիմի մեջ է. «Իհարկե, սահմանադրական նոր գործառույթներով, եւ նրա վրա դրված է քաղաքական պարտավորություն`լինել չեզոք եւ անաչառ: Եթե համաձայնվի լինել նախագահի թեկնածու, ուրեմն համաձայն է ստանձնել այդ պարտավորությունները»:

Իսկ թե իր համար մտահոգիչ չե՞ն այն հրապարակումները, որ նա ՀՀ քաղաքացիության տարիները բավարար չեն նախագահի պաշտոնում առաջադրվելու համար, Նիկոլ Փաշինյանը նշեց, թե այդ խնդիրը ստուգելի է. «Ստուգելի է՝ նա ունի՞ համապատասխան քաղաքացիության ցենզ, թե չունի: Եթե թեկնածու է առաջադրվում, ուրեմն պետք  է հոգ տանի որ այդ ամենը ոչ միայն բանավոր խոսքի վրա հիմնված լինի, այլեւ փաստաթղթերով երեւա»: