Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր` փետրվարի 9-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում մեղադրողի ճառից հետո պաշտպանական ճառով հանդես եկավ պաշտպաններից Կարեն Հակոբյանը: Ամբաստանյալներից Սասունիկ Կիրակոսյանի պաշտպանն իր ճառում նշեց, որ մեղադրող կողմն իր պաշտպանյալից վրեժ է լուծում այն բանի համար, որ նա հրաժարվել է նախաքննության եւ դատաքննության ընթացքում ցուցմունք տալուց: Նրա խոսքով, մեղադրողի միջնորդությունն իր պաշտպանյալին 4 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտելու վերաբերյալ տրամաբանությունից դուրս է:

«Իմ պաշտպանյալը մասնակցել է արցախյան պատերազմին, նա լուրջ առողջական խնդիրներ ունի, որոնք ավելի են խորացել ՔԿՀ-ում:  Դուք նրան տանջանքների եք դատապարտում, որը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ: Սասունիկ Կիրակոսյանն իր դատավարական իրավունքներից է օգտվել եւ հրաժարվել ցուցմունք տալուց եւ հիմա դրա համար պատժվում է, դուք անմարդկային պատիժ միջնորդեցիք»,-ասաց Կարեն Հակոբյանը:

Ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ դատարանին տեղեկացրեց, որ մինչեւ փետրվարի 23-ը լինելու է գործադուլի մեջ եւ միջնորդեց հաջորդ ուրբաթ դատական նիստ չնշանակել: Դատարանը միջնորդությունը բավարարեց: Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանն էլ դատարանին տեղեկացրեց, որ իր համար երկու շաբաթը բավարար ժամկետ չէ պաշտպանական ճառին պատրաստվելու համար եւ միջնորդեց փետրվարի 23-ին նիստ չնշանակել. «Պետությունը դատավորի եւ մեղադրողների միջոցով իր ուժն է ցույց տալիս: Նման անմարդկային ճառից հետո ինձ երկու շաբաթը բավարար ժամկետ չէ պաշտպանական ճառին պատրաստվելու»: Չնայած պաշտպանի միջնորդությանը, դատարանը հաջորդ դատական նիստը նշանակեց փետրվարի 23-ին:

Նշենք, որ այսօր մեղադրողը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջեց 11 տարվա ազատազրկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին: