Կազմել է խուզարկությունների կատարման վերաբերյալ 3 կեղծ արձանագրություններ, թե, իբր, նշված անձանց բնակարաններում խուզարկություններ է կատարել, սակայն դրանցում ոչինչ չի հայտնաբերել…

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Դ. Հ.-ն, 23.11.2016թ.-ից մինչեւ 26.10.2017թ.-ը աշխատելով ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում, իր վարույթում քննված քրեական գործով տեւական ժամանակ քննչական եւ դատավարական գործողություններ չկատարելու հանգամանքները քողարկելու, իր ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու պատրանք ստեղծելու անձնական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիքներ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Դ. Հ.-ն իր վարույթում քննվող՝ Արարատի մարզի Նորաբաց գյուղում գտնվող առանձնատնից 28.12.2016թ.-ին կատարված առանձնապես խոշոր չափերով գողության վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում սեփականատեր Ռ. Մ.-ին եւ վերջինիս կնոջը ժամանակին չհարցաքննելու, դատահետքաբանական փորձաքննություն չնշանակելու եւ մի շարք այլ հանգամանքներ քողարկելու նպատակով 30.01.2017թ.-ին կազմել է արձանագրություններ, որոնցում ակնհայտ կեղծ գրառումներ է մտցրել, թե, իբր, դրանք կազմվել են 29.12.2016թ.-ին` առանձնատնից կատարված գողության դեպքի հաջորդ օրը:

Այնուհետեւ 31.01.2017թ.-ին քննիչը կազմել է տուժողի կնոջ հարցաքննության եւ առանձնատան մուտքի դռան փականն ու բանալիները առգրավելու մասին արձանագրություններ, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել դրանց կատարման օրվա, ժամի եւ վայրի վերաբերյալ: Ընդ որում, առգրավման վերաբերյալ կազմված արձանագրությունում որպես ընթերակա նշել է մտացածին անձանց տվյալներ եւ դրել կեղծ ստորագրություններ:

Շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ Դ. Հ.-ն կազմել է նաեւ դատահետքաբանական փորձաքննություն նշանակելու մասին որոշում, որում եւս մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ: Իր կողմից կատարված կեղծիքները, ինչպես նաեւ նշված որոշումը դեպքից հետո տեւական ժամանակ անց` 31.01.2017թ.-ին կազմած լինելու հանգամանքը քողարկելու նպատակով Դ. Հ.-ն Մասիսի քննչական բաժնի` ելքի փաստաթղթերի գրանցման գրքում նշել է, թե իբր, դատահետքաբանական փորձաքննություն նշանակելու մասին հիշյալ որոշումը ելքագրվել է 09.01.2017թ.-ին: Այնուհետեւ 2017 թվականի փետրվարին այցելել է Արարատի մարզի Նորաբաց գյուղ, որտեղ կազմել է վկաների հարցաքննության արձանագրություններ, որոնցում ակնհայտ կեղծ գրառումներ է մտցրել, թե, իբր, դրանք կազմվել են 30.12.2016թ.-ին` գողության դեպքից երկու օր հետո:

Բացի այդ, Դ. Հ.-ն մատնադրոշմային փորձաքննություն նշանակելու մասին որոշումը տուժողին օրենքով սահմանված ժամկետում չծանոթացնելու հանգամանքը քողարկելու համար 30.01.2017թ.-ին կազմել է արձանագրություն, որում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել, թե, իբր, հենց փորձաքննության նշանակման օրը` 19.01.2017թ.-ին, որոշումը ծանոթացրել է տուժողին:

Իսկ 2017թ. փետրվարին` քրեական գործով վկայի հարցաքննության ընթացքում տեղեկանալով, որ վերջինս տուժողի տան դիմաց նկատել է կասկածելի ավտոմեքենա, Դ. Հ.-ն նրան դեպքից տեւական ժամանակ անց հարցաքննելու եւ մատնանշված ավտոմեքենայի` գողության դեպքի հետ առնչությունը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ անհետաձգելի միջոցառումներ չիրականացնելու հանգամանքները թաքցնելու նպատակով` վկայի հարցաքննության արձանագրությունում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, թե իբր, վերջինս գողության դեպքի օրը գտնվել է տանը եւ տուժողի տան մոտ կասկածելի ավտոմեքենաներ չի նկատել:

Դ. Հ.-ն ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել նաեւ  գողության կատարման մեջ կասկածվող անձանց հեռախոսահամարների վերծանումների զննության արձանագրությունում` նշելով, թե, իբր, գործողության կատարմանը ներկա են գտնվել երկու ընթերականեր, ինչպես նաեւ դրել է կեղծ ստորագրություններ: 

Բացի այդ, Դ. Հ.-ն, ստանալով գողության կատարման մեջ կասկածվող անձանց բնակարաններում խուզարկություններ կատարելու թույլտվության մասին դատարանի որոշումները, կազմել է խուզարկությունների կատարման վերաբերյալ 3 կեղծ արձանագրություններ, թե, իբր, նշված անձանց բնակարաններում խուզարկություններ է կատարել, սակայն դրանցում ոչինչ չի հայտնաբերել: Միաժամանակ, նշված արձանագրություններում որպես ընթերակա նշել է մտացածին անձանց տվյալներ եւ դրել կեղծ ստորագրություններ:

Այսպիսով, Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի նախկին ավագ քննիչ Դ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել 5 տարբեր դրվագներով պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար:

Նախաքննությունը շարունակվում է: