Մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող եւ արդյունահանման պատրաստվող ընկերություններն անցած տարի իրականացրել են շուրջ 235 մլն դոլարի ներդրումներ։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Վարդան Գեւորգյանի տեղեկացմամբ, 2017թ. ընթացքում մետաղական օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված ընդերքօգտագործման թույլտվություններով առաջիկա 3 տարվա ընթացքում կներդրվի շուրջ 3 մլրդ դրամ:

Ի տարբերություն արդյունահանված մետաղական հանքաքարի, որի ծավալն անցած տարի գրեթե չի փոխվել, արտադրված ապրանքային արտադրանքը գումարային  արտահայտությամբ համալրվել է շուրջ 30 տոկոսով։ Աճը պայմանավորվել է հիմնականում արտաքին շուկաներում հանքահումքային ապրանքների գների բարձրացմամբ։

Նշենք նաեւ, որ 2017թ. ընթացքում հաստատվել են ոչ մետաղական օգտակար հանածոների նոր պաշարներ։ Արդյունքում օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը համալրվել է շուրջ 900 հազար խոր. մետրով։ Նույն ժամանակահատվածում հաստատված մետաղական օգտակար հանածոների նոր պաշարները կազմել են շուրջ 5 մլն տոննա հանքաքար: