Մենք՝ հայերս, դեռ չենք ապրել մեր հեղափոխությունը, եւ դա է պատճառը, որ իշխանավորները, գալով իշխանության, կատարում են հանցագործություններ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, Սեւան քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով, դա է պատճառը, որ իշխանությունները չեն վախենում, մնում են անպատիժ, որովհետեւ չեն զգացել, թե ինչ է հեղափոխական ազգը, որը կարող է պահանջներ ներկայացնել եւ հասնել դրանց կատարմանը, ուստի մենք պարտավոր ենք իրականացնել մեր հայկական հեղափոխությունը:

Կուսակցության նախագահը Սեւան քաղաքի բնակիչներին կոչ է արել միասնաբար ընդվզել եւ թույլ չտալ, որ ապօրինի իշխանությունը դատարկի Հայաստանը. դա մի ծրագիր է, որը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իրականացնում է Հանրապետական կուսակցությունը:

«Երկիր Ծիրանի»-ի նախագահը մարդկանց նաեւ հիշեցրել է, որ շուրջ քառորդ դար Հայաստանի Հանրապետության նախագահությունը, Ազգային ժողովն ու Կառավարությունը չծառայեցին մեր ազգային նպատակներին, ընդհակառակը՝ ամեն ինչ արեցին, որպեսզի մենք հրաժարվենք մեր ազգային նպատակներից, եւ հայը չկարողանա ապրել իր Հայրենիքում:

Զարուհի Փոստանջյանը Սեւան քաղաքում նույնպես կանանց կոչ արեց լինել համահայկական մեծ ընդվզման առաջին շարքերում:

Նշենք, որ «Երկիր Ծիրանին» համահայկական մեծ ընդվզման քարոզարշավ է սկսել Հայաստանի տարբեր քաղաքներում: