Բազմազավակ ընտանիքների մասին օրինագիծը դեռ չի հասունացել ընդունման համար։ Այսպիսի կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց 7 երեխաների հայր Արմեն Մարկոսյանը։

Նա նշեց, որ համաձայն օրինագծի Հայաստանում բազմազավակ է համարվում 4 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքները։ Սակայն վիճելի է այն հոդվածը, որով նախատեսվում է բազմազավակության կարգավիճակի չեղարկում, երբ ընտանիքի ամենակրտսեր երեխան չափահաս է դառնում։

«Ծնողները ընտանիք են ստեղծում եւ անկախ այն հանգամանքից, որ երեխաները մեծանում են, նրանք մնում են բազմազավակ եւ սոցիալական աջակցության կարիք ունեն»,-ասել է Արմեն Մարկոսյանը՝ հավելելով, որ կարգավիճակի պահպանումը չի նշանակում, որ արդեն չափահաս դարձած երեխաների ծնողները պետք է շարունակեն նպաստ ստանալ։

«Ընդհակառակը մենք դեմ ենք նպաստների համակարգին, քանի տխրահռչակ «Փարոս»-ն, անապահով ընտանիքներին նպաստներ տալով, վերածում է նրանց մակաբույծների։ Մենք չենք ցանկանում աղքատության նպաստ ստանալ։ Եվ բնավ պարտադիր չէ, որ բազմազավակ ընտանիքն աղքատ լինի։ Մեր նպատակն է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, որպեսզի պետության հետ փոխգործակցության ճանապարհով ինքներս կարողանանք վաստակել»,-ընդգծել է Արմեն Մարկոսյանը։

Հոգեբանների եւ իրավաբանների միջազգային կազմակերպության նախագահ Խաչատուր Մորոզյանը, իր հերթին, նպաստների համակարգը «արատավոր» է անվանել․ «Նպաստը մարդուն արարողից դարձնում է սպառող, այդ պատճառով անհրաժեշտ է աստիճանաբար ազատվել դրանից, քանի որ ստանալով նպաստներ մարդիկ մի տարվա ընթացքում նույնիսկ չեն ձգտում աշխատել եւ տրվում են ծուլությանը»։

Կազմակերպության ղեկավարը գտնում է, որ օրինագիծը, հետապնդելով բազմազավակ ընտանիքների ինքնազարգացման եւ ինքնաբավարարման նպատակ, չի պարունակում ոչ մի հոդված, որը ուղղված կլինի այդ նպատակներին հասնելուն եւ բազմազավակության խթանմանը։

Մասնավորապես, նրա խոսքով՝ օրինագիծը բազմազավակ ընտանիքներին առաջարկում է արտոնյալ տոկոսադրույքներով կորպորատիվ վարկեր ստանալ, բայց չի հստակեցնում, ինչպես ընտանիքը վարկ վերցնի, եթե  չունի որոշակի եկամուտ։ Խաչատուր Մորոզյանը բիզնես նախագծերի իրականացման նպաստելը ավելի արդյունավետ է համարում․ որոնք կառաջարկվեն բազմազավակ ընտանիքներին փոքր ֆինանսավորման տրամադրմամբ՝ առանց տոկոսադրույքի առաջին 5 տարիների համար։

Մեկ այլ բազմազավակ ընտանիքի հայր Մարտիկ Մելքոնյանը, որը ներկայացավ որպես դեռեւս 14 երեխաների հայր, նշեց, որ բազմազավակ ընտանիքների բիզնեսի ֆինանսավորումն ավելի շահավետ կլինի պետության համար, քան նպաստը։

Նա նշեց, որ Հայաստանում գրանցված են 7400 բազմազավակ ընտանիք, որոնցից 6300-ը սոցիալական նպաստ են ստանում։ 4 երեխաներ ունեցող ընտանիքը այսօր ստանում է 50 հազար դրամ։

«Եթե բազմապատկենք այս թիվը 6300 անգամ, ապա տարեկան ստանում ենք 3,750 մլրդ դրամ։ Այսինքն՝ այդքան գումար բյուջեում կա եւ ավելի արդյունավետ կլինի այդ միջոցները հատկացնել մանկական նպաստի տեսքով, ոչ թե սոցիալական, որ ընտանիքները չընկնեն կախվածության մեջ, այլ ձգտեն աշխատել եւ ինքնադրսեւորվել»,-ասաց Մարտիկ Մելքոնյանը։

Վերոհիշյալը ամփոփելով՝ մամուլի ասուլիսի մասնակիցները նշեցին, որ խնդիրն այն է, որ անկախության ողջ շրջանում չի հստակեցվել բազմազավակ ընտանիքների կարգավիճակը, այն դեպքում, երբ ժողովրդագրական պայմաններն Հայաստանում աղետալի է։

Հիշեցնենք, որ կառավարությունը հունվարի 18-ի նիստում հավանություն է տվել  օրինագծի նախաձեռնությանը, որով նախատեսվում է ավելացնել բազմազավակ ընտանիքներին ցուցաբերվող եւ բնակչության ընդլայնված վերարտադրությանը ուղղված միջոցառումներին աջակցելը: