Մոսկվայում կալանավորված Օլեգ Մկրտչյանը, ում կասկածում են «Վենշէկոնոմբանկի» վարկային միջոցների խոշոր հափշտակման մեջ, պատրաստ է մեղմ պատժի դիմաց ՌԴ Քննչական կոմիտեին պատմել խարդախության սխեմաների եւ դրանց մասնակիցների մասին, հայտնում է Life

Վանդակաճաղի հետեւում հայտնվելով՝ «Դոնբասի արդյունաբերական միություն» կորպորացիայի ղեկավար Օլեգ Մկրտչյանը խուճապի է մատնվել: Նա ՌԴ ՔԿ-ին գործարք է առաջարկում. մատնում է իր բոլոր համախոհներին, որոնք օգնել են 2009 թվականին հափշտակել ՎԷԲ բազմամիլոնանոց վարկերը եւ դրանք արտասահման անցկացնել, իսկ քննիչները փոխարենը ՌԴ Քրեական օրենսգրքի ավելի մեղմ հոդված կկիրառեն, հայտնում է Mash-ը:

ՌԴ ՔԿ-ում Life-ի աղբյուրների կարծիքով՝ Օլեգ Մկրտչյանը պատրաստ է քննչական մարմնին հայտնել ռուս պաշտոնյաների եւ ՎԷԲ ներկայացուցիչների անունները, որոնք խարդախությանը մասնակցել են:

Հիշեցնենք, որ 2018 թվականի փետրվարի 8-ին Մոսկվայի Բասմանի դատարանը ՌԴ ՔԿ միջնորդությամբ Օլեգ Մկրտչյանին մինչեւ 2018 թվականի ապրիլի 5-ը ժամկետով կալանավորելու որոշում է կայացրել:

ՌԴ ՔԿ-ն «Դոնբասի արդյունաբերական միություն» կորպորացիայի ղեկավարին մեղադրանք է առաջադրել ՌԴ ՔՕ 159 հոդվածով (Խարդախություն՝ կատարված կազմակերպված խմբի կողմից կամ առանձնապես խոշոր չափերով):

Առաջադրված խարդախության մեղադրանքը կարող է կապված լինել դրամական միջոցների մի մասի հափշտակման հետ, որոնք 2009 թվականին կորպորացիային էր տրամադրել ռուսական «Վնեշէկոնոմբանկը» զարգացման եւ Ուկրաիայում ու Ռուսաստանի Կրասնոդարի մարզում տարբեր նախագծերի համար:

«Ըստ քննության վարկածի՝ դրամական այս միջոցների մի մասը դուրս է բերվել Կիպրոսում եւ Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերությունների միջոցով եւ հափշտակվել Մկրտչյանի անձնական հարստացման նպատակով»,- ասել է քննչական մարմիններում աղբյուրը:

Քննության ենթադրությամբ՝ 2009 թվականին «Դոնբասի արդյունաբերական միություն» հոլդինգը ՎԷԲ-ից ավելի քան 100 մլն դոլար է ստացել Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում մետաղագլոցման գործարան կառուցելու համար: Սակայն վարկը ստանալուց կարճ ժամանակ անց Մկրտչյանը ձեռնարկության կառուցման նախագիծը սառեցրել է, իսկ փողերը հափշտակել, կարծում են ՌԴ ՔԿ-ում:

Դրանից բացի, տրամադրված վարկային միջոցների մի մասը, աղբյուրների տվյալներով, նախատեսված էր «Դոնբասի արդյունաբերական միության» ուկրաինական ձեռնարկությունների, «Ալչեւսկի մետալուրգիական կոմբինատ» ԲԲԸ-ի, «Ալչեւսկի կոքսաքիմիական գործարան» ԲԲԸ-ի եւ «Էկոէներգիա» ԲԲԸ-ի վերակառուցման համար:

Սրանից զատ, Մկրտչյանը 2009 թվականին ՎԷԲ-ից եւս մոտ 8 մլրդ դոլար է ստացել որպես «Դոնբասի արդյունաբերական միության» 50 տոկոս բաժնետոմսերի վճար: «Սակայն քննիչների ներգրաված փորձագետները խմբի բաժնետոմսերի փաթեթը 2 անգամ պակաս են գնահատել, քան իրականում ՎԷԲ-ն է վճարել: Ստացվում է, որ Մկրտչյանը բանկիրներից պարզապես մոտ 4 մլրդ դոլար է գողացել»,- կարծում են քննիչները: