2015թ.-ի հուլիսին մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հարազատները բացարկ են հայտնել անջատված մասով քննություն իրականացնող ՀԿԳ վարչության քննիչ Գեւորգ Գենջոյանին:

NEWS.am-ի հետ զրույցում ծննդկանի հայրը, գործով տուժողի իրավահաջորդ Վաղինակ Մարգարյանը հայտնեց, որ անջատված մասով նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո ոչ մի օբյեկտիվ քննություն չի կատարվել:

«Կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության օբյեկտիվության վրա մենք չենք կասկածում, խնդիրն այն է, որ դրանից հետո մինչեւ այսօր ոչ մի օբյեկտիվ քննություն չի կատարվել»,- ասաց Վաղինակ Մարգարյանը:

Նշենք, որ անջատված մասով վարույթն իրականացնող մարմինը պետք է պարզի, թե արդյոք ծննդկանի եւ նորածնի մահվան մեջ մեղավորություն ունեն ծննդատան տնօրենի բուժգծով տեղակալ Դավիթ Մխիթարյանը, հուլիսի 26-ին հերթապահ բժիշկ Տիգրան Սարգսյանն ու ռեանիմատոլոգ Արամ Գրիգորյանը: Ի դեպ, խոսքը միայն 2015թ.-ի հուլիսի 26-ից հուլիսի 27-ին առավոտյան ժամը 09,00-ին է վերաբերվում: Հիշեցնենք, որ այս գործից մի մաս անջատվել եւ ուղարկվել է դատարան: Գործով ամբաստանյալներն են Մերի Մարգարյանի հղիությունը վարած բժշկուհի Շուշանիկ Բախշյանն ու հուլիսի 25-ի հերթապահ Անի Բաբելյանը: Դատարանում փետրվարի 14-ին գործով մեղադրողը կներկայացնի անջատված մասով կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Նման միջնորդություն էր ներկայացրել ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը: Դատավոր Դավիթ Բալայանը բավարարել էր միջնորդությունը՝ նշելով, որ այն հնարավոր է էական նշանակություն ունենա իր վարույթում քննվող գործի համար: