Մյասնիկյանի արձանի հարակից տարածքը մարտի 1-ին բացվելու է։ Այս մասին հայտնել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշակույթի հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Արդեն տեղեկացրել էի, որ երկու գրություն էի ուղարկել Տարոն Մարգարյանին Մարտի 1-ին տասը քաղաքացիների սպանության օրը հիշատակի 10-րդ տարելիցի միջոցառումների մասնակիցների մուտքն այդ տարածքում անարգել ապահովելու համար։

Այսօր ստացա պատասխան, որ Մյասնիկյանի արձանի հարակից տարածքն այդ օրը բացվելու է։

Հիշեցնեմ, որ ներկայում այդ տարածքում իրականացվում են վերակառուցման աշխատանքներ և ամբողջ տարածքը ցանկապատված է»,-նշել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մարտի 1-ի տարելիցի հետ կապված Երեւանի ավագանու Կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը գրություն էր ուղարկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Գրության մեջ, մասնավորապես, ասված էր.

«Հարգելի՛ պարոն Մարգարյան,

Ի պատասխան իմ՝ 28.12.2017թ. թիվ Ե-1/149 գրության ստացել էի Ձեր պատասխանը, որում մանրամասն նկարագրված էր, թե Մյասնիկյանի արձանի հարակից այգին ում կողմից է վերակառուցվում, որ որոշումների ու նորմերի հիման վրա, ինչն իմ գրության խնդիրը չէր:

Խնդիրը հետեւյալն է՝ հազարավոր մարդիկ Մարտի 1-ին այցելելու են այս հրապարակ, ուր ավանդաբար ծաղիկներ են դնում Մյասնիկյանի արձանի պատվանդանին ի հիշատակ 2008 թվականի Մարտի 1-ին իշխանությունների կողմից սպանված 10 քաղաքացիների:

Ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ եւ 37-րդ հոդվածի 2-րդ մասերով՝ խնդրում եմ ինձ տալ հակիրճ եւ հստակ պատասխան՝ բացվելո՞ւ է արդյոք Մյասնիկյանի արձանի հարակից տարածքի՝ վերակառուցման համար կառուցված ցանկապատի փոքր հատվածը միայն Մարտի 1-ին՝ այդ իրադարձությունների 10-րդ տարելիցի օրն, ինչը թույլ կտա քաղաքացիներին մոտենալ այդ վայրին, հարգել զոհերի հիշատակը:

Սա ակնհայտորեն թույլ կտա նաեւ խուսափել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրակակացվող այս ձեռնարկի շուրջ ավելորդ լարվածությունից: