Վերաքննիչ քրեական դատարանը փետրվարի 21-ին կքննի 2016թ. մարտին ծառայակցի կողմից սպանված զինծառայող Հովհաննես Հարությունյանի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ: Սպանված զինծառաողի ծնողները պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության դատարանն ամբաստանյալ Միքայել Զաքարյանի նկատմամբ մեղմ դատավճիռ է կայացրել՝ ընդամենը 10 տարվա ազատազրկման դատապարտելով: Նրանք Վերաքննիչ քրեական դատարանից պահանջում են  Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսվող ամենախիստ պատիժը. «Իմ տղայի կյանքի դիմաց 10 տարի են տվել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննեսի մայրը՝ տիկին Լյուդան:

Ըստ մեղադրական եզրակացության` Միքայել Զաքարյանը ինքնաձիգով հանկարծակի դիտավորությամբ մեկ անգամ կրակել է համածառայակից Հովհաննես Հարությունյանի վրա: Բացի դրանից, վիճաբանության մեջ է մտել շարքային Սամվել Զեյնալյանի հետ, եւ բռունցքով մեկ անգամ հարվածել նրան: Սամվել Զեյնալյանը նույնպես բռնություն է գործադրել նրա նկատմամբ:

Միքայել Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով եւ 359-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սամվել Զեյնալյանին` 359-րդ հոդվածի 1-ին մասով:

Միքայել Զաքարյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում: Նրա փաստաբանը՝ Էրիկ Բեգլարյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Հովհաննեսը Միքայելի ինքնաձիգը կատակով փորձել է վերցնել եւ հենց այդ ժամանակ էլ արձակվել է մահացու կրակոցը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը զոհվել էր 2016թ. մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: