Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է շատ լուրջ մարտահրավեր մնալ: Այս մասին փետրվարի 9-ին ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի նիստից հետո հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը: «Կարեւոր իրադարձություն է Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում բարձր մակարդակի վրա երկխոսության վերսկսումը: Մենք կուզենայինք, որպեսզի կողմերն իրականացնեն բանակցությունների ակտիվացման եւ շփման գծում լարվածության նվազեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասել է Մոգերինին:

Նա ընդգծել է, որ ստատուս քվոն կայուն չէ եւ հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Միջազգային իրավունքին համապատասխան քաղաքական կարգավորում է անհրաժեշտ: Եվրամիությունը շարունակում է լիովին աջակցել միջնորդական ջանքերին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումներին, այդ թվում նաեւ՝ մեր հատուկ ներկայացուցիչի միջոցով»,- ավելացրել է նա: