Անցյալ տարվա աշնանը Ստավրոպոլի երկրամասում անհետ կորած Գեւորգ Բազինյանը մահացած է գտնվել։ Կիրովսկի շրջանի բնակչի դին հայտնաբերվել է Նովոպավլովսկ արդյունաբերական գոտում։

Ռուսաստանի քննչական կոմիտեի Ստավրապոլի քննչական վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ տղամարդու մարմնի վրա բռնության հետքեր են եղել։

Սպանվածը կորել էր 2017 թվականի հոկտեմբերին։ Այն ժամանակ տղամարդն իր աշխատանքի վայրից դուրս էր եկել սեփական մեքենայով։ Դրանից հետո նրան ոչ ոք չէր տեսել։ Նույն  օրը երեկոյան Բազինյանին պատկանող «ԳԱԶ 3302»-ը հայտնաբերվել էր անտառային գոտում՝ Նովոպավլովսկի քաղաքային աղբանոցից ոչ հեռու։

64-ամյա տղամարդու սպանության հանգամանքով քրեական գործ է հարուցվել։ Դեպքի վայրում քննիչներ են աշխատում։

«Կոմերսանտ Յուգ»-ի փոխանցմամբ՝ տղամարդու մարմնի վրա խոշտանգումների հետքեր կան՝ կապտուկներ եւ կտրվածքներ։ Մահվանից առաջ տղամարդում գլխատել են, ոստիկաններին դեռ չի հաջողվել գտնել տղամարդու գլուխը։ Աղբյուրը նշել է, որ հիմնական վարկածը՝ պատվիրված սպանությունն է։

Kartoteka.ru ծառայության տվյալներով` Գեւորգ Բազինյանը մինչեւ 2017 թվականի նոյեմբերը զբաղեցրել է 2002 թվակնին Նովոպավլոսվսկում գրանցված «Ապոլոնսկոե» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Ձեռնարկությունը զբաղվում է խմելու ջրի եւ ալկոհոլային թորած խմիչքների՝ վիսկիի, կոնյակի, ջինի, լիկյորի արտադրությամբ։