«Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քանի դեռ չի հանդիպել ՀՀԿ–ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ,չի կարող ասել՝ ինչպես է խմբակցությունը քվեարկելու։

«Հանրապետական կուսակցությունը իր թեկնածուին ներկայացրել է, որը ոչ կուսակցական է։ Ասել եմ՝ կհանդիպեմ առանձին եւ Արմեն Սարգսյանի եւ իմ թիմակիցների հետ, բոլոր թիմակիցների տեսակետը, առաջարկը կլսեմ ու մենք մեր որոշումը կասենք,դուք  կիմանաք»,- նշել է Ծառուկյանը։

Հարցին՝ ինչու է որոշել  առանց խմբակցության պատգամավորների հանդիպել Արմեն Սարգսյանի հետ, Ծառուկյանը պատասխանեց. «Որ իմ թիմակիցի կարծիքը, որոշումը իրեն ասեմ, որ քո հանդեպ էս տեսակետն ունենք»։

Լրագրողի հարցին՝ կո՞ղմ  են քվեարկելու, պատասխանեց. «Կարող ա՝ Ապարանի՞ց ես։ Ես ասում եմ՝ մինչեւ չքննարկենք, ոչ մի բան ասելու իրավունք չունենք։  Տեսնենք՝ ինչ է առաջարկում, ըստ այդմ մեր մոտեցումը կասենք»։

Լրագրողների հարցին՝ ինչ կարծիք ունի Արմեն Սարգսյանի մասին, ասել է. «Երբ հանդիպեմ, լսեմ իր ծրագիրը, մոտեցումը, կասեմ»։