«Եթե դու իմ առյուծներիս տեսնես, կսիրահարվես իրանց վրա»։ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը այսպես է արձագանքել լրագրողի այն հարցին, թե իրեն համարելով բնապահպան՝ ինչպես է առյուծներին պահում անազատության մեջ։

Նշենք, որ այսօր Գագիկ Ծառուկյանի գլխավորած հիմնադրամը բնապահպանության նախարարությանը նվիրաբերեց «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ։ Այս միջոցառման ժամանակ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը որսի սիրահար Գագիկ Ծառուկյանին ներկայացրեց որպես մեծ բնապահպան։

«Որ իմ առյուծներին տեսնես, կսիրահարվես իրանց վրա, այդպիսի առյուծներ աշխարհում չկա, եւ առյուծներ եւ վագրներ, առյուծը էնքան գեղեցիկ է ու Ծառուկյանին էլ շատ սիրում է։ Եթե հիմա գազանանոցում պահում են ու քանի որ այդ կենդանիները յուրահատուկ են, այլ ոչ թե վայրի, եթե բաց թողենք իրանք, չեն կարում ապրեն, որովհետեւ, ինքնըստինքյան, եթե դրանք ոչ բնության պայմաններում են եղել՝ գազանանոցներում ասենք, թե աճացրած, նրանք վայրի պայմաններում չեն կարող ապրել։ Եթե բաց թողնենք, իրանք չեն կարող որս անել։ Սպիտակ առյուծ, սպիտակ վագր որտե՞ղ կարող ես տեսնես։ Բա հո ես չեմ գնացել անտառներից բռնել բերել պահել»–մանրամասնեց Ծառուկյանը։