Փետրվարի 7-ին Երեւանում ֆուտբոլային իսկական տոն էր՝ առաջին անգամ մայրաքաղաք էր բերվել ՖԻՖԱ Աշխարհի առաջնության ոսկե գավաթը, որն արդեն 4րդ անգամ աշխարհով մեկ շրջագայում է Կոկա-Կոլա-ի հետ: Այս շրջագայությունները ֆուտբոլասերներին բացառիկ հնարավորություն են ընձեռում՝ մոտիկից տեսնելու եւ լուսանկարելու ֆուտբոլի ամենանշանավոր գավաթի ոսկե բնօրինակը:

Երեւանում՝ Կոկա-Կոլա-ի հետ ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթի շրջագայությունը մեկնարկեց մամուլի ասուլիսով, որի մասնակիցներն առաջինը Գավաթը մոտիկից տեսնելու հնարավորություն ստացան:

«Շատ ուրախ ենք, որ Գավաթն այսօր առաջին անգամ Երեւանում է: Այս շրջագայությունը լավ առիթ է նախապատրաստվելու ամռանը մեզ սպասվող ֆանտաստիկ առաջնությանը, որն ի դեպ նույն արժեքներով է ոգեշնչված, ինչ մեր ընկերությունը, այն է՝ մարդկանց միավորել, երջանկություն տարածել եւ ավելի լավ ապագայի տեսլական ներշնչել»,- իր ողջույնի խոսքում նշեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության տնօրեն Քրիստոֆ Սփեքը՝ օրը պատմական որակելով:

Ոսկե մրցանակն ուղեկցող ՖԻՖԱ եւ «Կոկա-Կոլա Ընկերության» պատվիրակության կազմում էր նաեւ 1998 ՖԻՖԱ Աշխարհի առաջնության չեմպիոն, սիրված ֆուտբոլիստ Քրիստիան Կարամբյոն, ով ասուլիսի ավարտին Գավաթը դուրս բերեց ֆուտբոլասերների համար Ազատության հրապարակում հանրային ցուցադրության:

Ավելի ուշ՝ երեկոյան, ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության գավաթի ընդունման հանդիսավոր արարողությունն էր, որի ժամանակ Քրիստիան Կարամբյոն Գավաթը փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

«Ֆուտբոլը մի յուրահատուկ աշխարհ է, որը միավորում է միլիարդավոր մարդկանց՝ անկախ մաշկի գույնից, կրոնից, սեռից, տարիքից, կրթությունից, եւ այսպես կարելի է շարունակել: Նրանց ընդամենը մի բան է միավորում՝ սերը այս աննման խաղի նկատմամբ», -  իր ելույթում նշեց նախագահ Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով գաղափարի հեղինակներին եւ իրականացնողներին:

Փետրվարի 8-ին ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթը Կոկա-Կոլա-ի հատուկ չարթերային ինքնաթիռով Երեւանից ուղեւորվեց Թբիլիսի:

«Կոկա-Կոլա Ընկերության» պատվիրակությունը գլխավորող Թուրքիա, Կովկաս, Կենտրոնական Ասիա տարածաշրջանների նախագահ Եվգենիա Ստոիչկովան այցի տպավորություններն ամփոփելիս նշեց՝ ամենատպավորիչը մարդկանց ժպիտներն ու ջերմ հյուրասիրությունն էր:

«Շատ ուրախ ենք Երեւանում Գավաթի շրջագայության արդյունքներով՝ ոգեւորված ֆուտբոլասերների բազմությամբ եւ ասուլիսին մասնակցող լրագրողների հետաքրքրությամբ: Մեզ համար մեծ պատիվ էր նաեւ հյուրընկալել երկրի նախագահին, որի ուղերձում վառ երեւում էր ֆուտբոլի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության նկատմամբ ունեցած դրական վերաբերմունքը», - նշեց Եվգենիա Ստոիչկովան:

Երեւանից հեռանալիս Քրիստիան Կարամբյոն ընդգծեց Կոկա-Կոլա-ի հետ ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթի շրջագայության կարեւորությունը:

«Այն ոչ միայն երիտասարդ ֆուտբոլասերներին ոգեշնչելու եւ սպորտով զբաղվողների քանակն ավելացնելու առումով է կարեւոր, այլեւ ֆուտբոլի արժեքները՝ դիմացինի նկատմամբ հարգանքը, արդար խաղը, խտրականության բացակայությունը, տարածելու եւ իհարկե Ֆուտբոլի գալիք առաջնությունը խթանելու հնարավորություն: Գավաթը Երեւան բերելով, կարծում ենք՝ կարողացել ենք որոշ չափով իրականացնել այն ֆուտբոլասերների երազանքը, որոնք հնարավորություն չեն ունենա մասնակցելու Ռուսաստանում կայանալիք առաջնությանը: Գավաթը նրանց մոտ բերելով եւ ցուցադրելով, կարծում եմ՝ ոգեշնչում ենք նրանց եւ օգնում հասնել երազանքներին», - ասաց ֆուտբոլիստը՝ Հայաստանի ազգային ֆուտբոլի հավաքականի անդամներին կրկին մաղթելով մեկ օր Գավաթը բարձրացնելու հնարավորություն ունենալ:

2018-ի ամռանը սպասվող ՖԻՖԱ Աշխարհի առաջնությանը նախորդող շրջագայությունը մեկնարկել է 2017-ի սեպտեմբերին՝ Մոսկվայում: Մինչեւ դեկտեմբեր այն ՌԴ-ում էր, իսկ հունվարի 22-ին Լոնդոնում մեկնարկեց շրջագայության երկրորդ փուլը եւ Գավաթն ուղեւորվեց դեպի 50 երկիր: Մայիսին Գավաթը հետ կվերադառնա ԱԱ-ն հյուրընկալող Ռուսաստան՝ մինչեւ այդ 91 քաղաք այցելելով: Մինչեւ ՀՀ հասնելն այն արդեն եղել է Լաոսում, Տոնգայում, Շրի Լանկայում եւ այլ երկրներում: