Ոստիկանությանն իրավասության ներքո գտնված «Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկայի նախկին աշխատակիցներն արդեն հինգերորդ տարին է` պահանջում են վճարել 8 ամսվա աշխատավարձի պարտքը։ Այս մասին փետրվարի 9-ին՝ լրագորղների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ֆաբրիկայի նախկին պահեստապետ Գոհար Թամանյանը։  

Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում տարբեր ատյաններ են դիմել, սակայն իրենց խնդիրը չի լուծվել։ «Երկու ամիս առաջ բաց նամակ ենք հղել նախագահ Սերժ Սարգսյանին։ Մեզ պատասխանեցին, որ պետք է դիմենք ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ Վերջինս հայտարարեց, որ Ոստիկանությունը ոչ մի կապ չունի լուծարված ընկերության աշխատավարձերի հետ եւ առաջարկեց դիմել Պետական գույքի կառավարման վարչություն։ Վերջինս ուղղորդեց դեպի Ոստիկանություն եւ այդ շրջանը շարունակվում է արդեն 5 տարի»,-վրդովմունքով հայտնեց Գոհար Թամանյանը՝ հավելելով, որ հույս էր ներշնչում վարչապետ Կարեն Կարապետյանը, բայց նա էլ հիասթափեցրեց։

Նա նշեց, որ ընկերությունը սկսել էր հարկային պարտքեր կուտակել այն բանից հետո, երբ տնօրենի պաշտոնը զբաղեցրեց նախկին «ԿԳԲ»-շնիկ Սամվել Բեկչյանը՝ փոխարինելով Աշոտ Ավետիսյանին։  

«Ասում են, որ Բեկչյանը հետախուզման մեջ է։ Տարօրինակ է, որ երեք տարվա ընթացքում չի հաջողվել գտնել նրան։ Նա ասե՞ղ է, թե՞ վերջիվերջո մարդ»,-հարցրեց Թամամյանը։

Նա նաեւ շեշտեց, որ առանց աշխատակիցների իմացության ֆաբրիկայի գույքը հանվել է աճուրդի․ «Ավելի վաղ մեզ հայտնում էին, որ աշխատավարձերի պարտքը կմարվի աճուրդից հետո, բայց դրա մասին մեզ ոչինչ հայտնի չէ»։

«Ներկա պահին «Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկայի գործը գտնվում է Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում եւ աշխատակիցները հույս ունեն, որ խնդիրը կկարգավորվի հետաքննությունից հետո»,-ասաց Գոհար Թամանյանը։

Հիշեցնենք, որ «Կոնտինենտտեքս» ՓԲԸ գործել է 1967 թվականից Հայաստանի ներքին գործերի նախարարության իրավասության ներքո։ 1995 թվականից կարի ֆաբրիկայում կարել են Ոստիկանության եւ ՆԳՆ համազգեստները։ 2013 թվականին կառավարության որոշմամբ  հարյուր տոկոս պետական բաժնեմասով  «Կոնտինենտտեքս» ընկերությունը լուծարվել է։ Ընկերությունը 140 նախկին աշխատակիցներին պարտք է 53 մլն դրամ։

Սամվել Բեկչյանը ՊԵԿ քննչական բաժնում հարուցված գործի շրջանակում դիտարկվում է որպես մեղադրյալ։ Նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի ՔՕ 193 հոդվածով՝ դիտավորյալ սնանկություն։