Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պնդմամբ, իշխանությունը Ժիրայր Սեֆիլյանին անազատության մեջ պահելով՝ վախեցնում է հասարակության այն հատվածին, որը իշխանափոխության ձայն է բարձրացնում: NEWS.am-ի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանն անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանին 11 տարվա ազատազրկման դատապարտելու մեղադրողի պահանջին, նշեց՝ Սեֆիլյանը հերոս է եւ այսօր նրան անազատության մեջ պահելով՝ վտանգում են երկրի անվտանգությունը:

«Շինծու գործ բերեցին, փաթաթեցին Գեւորգ Սաֆարյանի, Ժիրայր Սեֆիլյանի վրա եւ փակեցին: Պետությունը քարուքանդ են արել, ժողովուրդը սոցիալապես անապահով վիճակում է, հայրենասեր տղաներին էլ փակում են: Այսպես են անում, որպեսզի ժողովրդին վախեցնեն, իշխանափոխության ձայն չբարձրացնեն: Ասում են՝ նայեք, հերոսին կարող ենք փակել 11 տարով, պատկերացրեք՝ ձեր հետ ինչ կանենք: Հեռու մնացեք փողոցներից, իշխանության հրաժարականի պահանջից, մենք մեր համար ենք ապրում, դուք՝ ձեր համար, մեր հետ գործ չունեք»,-ասաց նա:

Նշենք, որ մեղադրողը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջել է 11 տարվա ազատազրկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին: