Երեւանում 2015թ. դեկտեմբերի 24-ին «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակում սպանված Արթուր Նազարյանի հարազատները դժգոհ են առաջին ատյանի կայացրած դատավճռից: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը 2017թ.-ի դեկտեմբերին ամբաստանյալ Կարեն Շահինյանին առաջադրված մեղադրանքը վերաորակեց եւ նրան դատապարտեց 13 տարվա ազատազրկման: Մինչդեռ մեղադրողը 18 տարվա ազատազրկում էր պահանջել, իսկ տուժող կողմը՝ ցմահ ազատազրկում:

Արթուր Նազարյանի հարազատները շարունակում են ավելի խիստ պատիժ պահանջել ամբաստանյալի համար: Օրերս տուժող կողմը Վերաքննիչ է դիմել՝ պահանջելով Կարեն Շահինյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և նշանակել օրենքով սահմանված խստագույն պատիժ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ նախկինում դատված Կարեն Շահինյանը դեպքի օրը խաղադրույքներ է կատարել եւ պարտվելուց հետո շահադիտական դրդումներով, այն է՝ ընկերության գրասենյակում գտնվող չհրկիզվող պահարանից գումար հափշտակելու նպատակով սպանել է հիշյալ գրասենյակի աշխատակից Արթուր Նազարյանին:

Կարեն Շահինյանը դեպքից հետո գտնվում էր հետախուզման մեջ, նա հայտնաբերվել է Ռուսաստանում եւ Հայաստան է տեղափոխվել 2016թ. սեպտեմբերին: