Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում փետրվարի 8-ին հիվանդության հետեւանքով զինծառայող է մահացել: 18-ամյա Հայկ Հակոբյանի մահվան պատճառը, նախնական ախտորոշմամբ, կայծակնային զարգացած մինինգոկոկցեմիան է: Մենինգոկոկային ինֆեկցիան սուր վարակիչ հիվանդություն է, որը որոշ դեպքերում կարող է ընթանալ առանց ակնհայտ ախտանշանների: Զինծառայողի մահվան մանրամասները պարզելու համար քննություն է կատարվում:

Արտերկրում հայ համայնքների հետ հանդիպումներից հետո Արմեն Սարգսյանը Հայաստան է վերադարձել եւ այսօր խորհրդարանում հանդիպել «Ելք» խմբակցության պատգամավորներին: Ավելի վաղ «Ելք»-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ այս հանդիպումը ոչինչ չի փոխելու. իրենք, միեւնույն է, դեմ են քվեարկելու Հանրապետականի նախագահի թեկնածուին: Ամեն դեպքում, հանդիպման ժամանակ ընդդիմադիր պատգամավորներն Արմեն Սարգսյանի հետ մի շարք հարցեր են քննարկել: Նիկոլ Փաշինյանը պատմել է, որ խոսել են, մասնավորապես, մարտի 1-ից, երկրի ապագայի շուրջ նախագահի թեկնածուի տեսլականից, Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ նախագահի լիազորությունների զգալի կրճատումից: Այլ մանրամասներ հայտնել, սակայն, Փաշինյանը չի ցանկացել. կոռեկտ չի համարում:

Հանդիպումից հետո լրագրողները Արմեն Սարգսյանին հարցրել են մամուլում շրջանառվող լուրերի մասին, թե նախագահի թեկնածուն նաեւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ունի: Նախագահի պաշտոնը զբաղեցնելուն դա կխանգարի: Սարգսյանը վստահեցրել է, որ բրիտանական հպատակությունից վաղուց է հրաժարվել: Իսկ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ստանալու համար դիմել է, քանի որ գործի բերումով շատ էր շրջագայում, բրիտանական հպատակությունն օգնում էր: Հրաժարվելիս էլ չի մտածել, որ մի օր Հայաստանում Սահմանադրություն են փոխելու եւ իրեն նախագահի պաշտոն են առաջարկելու: Քաղբանտարկյալների մասին հարցին էլ փորձառու դիվանագետը փորձել է դիվանագիտորեն պատասխանել. կան անհատներ, որոնք հասարակության կողմից գնահատվում են որպես քաղբանտարկյալ:

Նշենք, որ խորհրդարանական ուժերից Արմեն Սարգսյանը դեռ պետք է հանդիպի «Ծառուկյան» խմբակցության հետ: Այսօր նախատեսված հանդիպումը հետաձգվել է, հավանաբար տեղի կունենա հաջորդ շաբաթ: Չնայած սրան՝ «Ծառուկյան» խմբակցությունը, մեր տեղեկություններով, որոշել է նրա թեկնածության օգտին քվեարկել: Իսկ այսօր Արմեն Սարգսյանն Արցախ է մեկնել. հանդիպելու է երկրի քաղաքական եւ հոգեւոր ղեկավարության հետ: 

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով մեղադրողն այսօր հանդես է եկել մեղադրական ճառով: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի համար Հակոբ Ենոքյանը 11 տարվա ազատազրկում է պահանջել. սա անսպասելի էր պաշտպանական կողմի համար: Մեղադրողը Սեֆիլյանի եւ մյուսների դեմ ցուցմունք տված ամբաստանյալներից Հովհաննես Պետրոսյանի համար ընդամենը 2 տարվա ազատազրկում է պահանջել՝ նշելով, որ նրա նկատմամբ որպես մեղմացուցիչ հանգամանք է դիտարկվել հանցագործության բացահայտմանն օժանդակելն ու անչափահաս երեխաների հայր լինելը: Սա զայրացրել է ամբաստանյալներից Ներսես Պողոսյանին: Ժիրայր Սեֆիլյանն էլ այսօր դատարանի նկատմամբ դժգոհություն է հայտնել եւ լքել նիստերի դահլիճը:

Ստավրոպոլի երկրամասում հայտնաբերել են հայ գործարար Գեւորգ Բազինյանի գլխատված դին: 64-ամյա Բազինյանն անցած տարվա հոկտեմբերից անհետ կորած էր համարվում: Տղամարդը սեփական մեքենայով դուրս է եկել աշխատավայրից, ինչից հետո ոչ ոք նրան չի տեսել: Բազինյանի մեքենան, սակայն, նույն օրը երեկոյան գտել են: Աղբյուրների համաձայն՝ դիակի վրա խոշտանգման հետքեր կան՝ կապտուկներ եւ կտրվածքներ: Բազինյանին գլխատել են, իրավապահները զոհի գլուխը դեռ չեն գտել: Որպես կատարվածի հիմնական վարկած իրավապահները դիտարկում են պատվիրված սպանությունը: Գեւորգ Բազինյանը խմելու ջրի եւ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող Նովոպավլովսկի ձեռնարկություններից մեկի տնօրենն էր:

Ողբերգական դեպք Երեւանում. կեսգիշերն անց Իսակովի պողոտայի շենքերից մեկի մոտ ավտոտնակում դիեր են հայտնաբերել: Կայանված Opel-ում գտել են 39-ամյա Հակոբ Վ.-ի եւ 41-ամյա Լուսինե Ա.-ի մարմինները: Տղամարդուն, ի դեպ, ոստիկանությունը երեկվանից որոնում էր որպես անհետ կորած: Նրա անհետանալու մասին իրավապահներին հայտնել էր կինը: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ նրանք մահացել են շմոլ գազից թունավորումից. ավտոտնակի մուտքի դռները ներսից փակ են եղել, մեքենայի շարժիչը՝ գործարկված, իսկ տաքացուցիչները միացված են եղել:

Նմանատիպ դեպք տեղի է ունեցել նաեւ Գյումրիում: Քաղաքի հյուրանոցներից մեկի հարեւանությամբ, դարձյալ ավտոտնակում, մեքենայում հայտնաբերել են 27-ամյա կնոջ եւ 30-ամյա տղամարդու դիերը: Երիտասարդների մահվան պատճառը հայտնի չէ:

2017 թվականին ապօրինի ծառահատումների եւ կաշառքի գործով 11 պաշտոնատար անձի մեղադրանք է առաջադրվել: Պարզվում է՝ բնապահպանության նախարարության պաշտոնյաներն ու անտառապետերը երկար ժամանակ «աչք են փակել» ապօրինի ծառահատումների դեպքերի վրա: Փոխարենը խոշոր չափերի կաշառք են ստացել: Պաշտոնատար անձանց գործողությունների արդյունքում պետությանը 1.5 մլրդ դրամի վնաս է հասցվել: Նրանցից 8-ը կալանավորված են, 3-ը ստորագրությամբ ազատ են արձակվել: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց առնվազն 7 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում: Միաժամանակ, գլխավոր դատախազն այսօր հայտնել է, որ ապօրինի ծառահատումների դեպքերով անցյալ տարի իրականացվել է այնքան քրեական հետապնդում, որքան 2011-2016 թվականների ընթացքում:

Հարավային Կորեայում մեկնարկել են 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը: Բացման արարողությունը տեղի է ունեցել Փհենչհանի նորակառույց մարզադաշտում: Հայաստանը Փհենչհան-2018-ում 3 ներկայացուցիչ ունի՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Հայ մարզիկների մրցելույթները փետրվարի 13-ին են: Այս տարվա ձմեռային Օլիմպիադային, ի դեպ, 15 մարզաձեւերում կվիճարկվի մեդալների 102 հավաքածու: Փհենչհան 2018-ին ռեկորդային թվով մարզիկներ են մասնակցելու. 2925 մարզիկ՝ 92 երկրից: Սա ռեկորդային ցուցանիշ է ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ: Առաջին անգամ ձմեռային Օլիմպիական խաղերին կմասնակցեն Մալայզիայի, Սինգապուրի, Էկվադորի, Նիգերիայի, Կոսովոյի եւ Էրիթրեայի մարզիկները:

Իսկ դոփինգային սկանդալի կենտրոնում հայտնված ռուսաստանցի 45 մարզիկներ ու 2 մարզիչներ այդպես էլ չկարողացան Փհենչհան հասնել: Մարզական արբիտրաժային դատարանը նրանց մասնակցությունն արգելող որոշում է կայացրել: Համաշխարհային հակադոփինգային գործակալությունը եւ Միջազգային օլիմպիական կոմիտեն ողջունել են դատարանի որոշումը՝ նշելով դոփինգի դեմ պայքարի հարցում նրա աջակցության կարեւորությունը:

Փետրվարի 9-ին դոլարն ու եվրոն թանկացել են: Դոլարի փոխարժեքն այսօր արդեն կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 592, ռուբլունը՝ 8 դրամ 32 լումա, ֆունտինը՝ 672 դրամ:

Փետրվարի 10-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-13-ը ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար 4-6 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -1+1, ցերեկը՝ +13+15 աստիճան տաքություն: