«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի Սարյանի պուրակի խնդիրը հասել է նախագահի վերահսկողական ծառայություն: Տարածքը տարիներ շարունակ վարձակալած «Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրեն Նարինե Վարդանյանը,  որը տարիներ շարունակ պուրակում կազմակերպել է նկարների բացօթյա ցուցադրությունը եւ վաճառքը, «Հայկական ժամանակ»-ին հայտնել է, որ ինքն է դիմել նախագահի վերահսկողական ծառայությանը:

«Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրենը խնդրի վերաբերյալ բացի նախագահականից դիմել է նաեւ Տարոն Մարգարյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանին, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Սույն պուրակը, հիշեցնենք, ըստ շրջանառվող լուրերի, անցել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի տիրապետության տակ: Վերջինս, սակայն, ՀԺ-ին պարզաբանել էր, թե կապ չունի դրա հետ:  

«Կոլորիտ»-ի տնօրենը հայտարարում է՝ չկա այնպիսի մի բան, որ բարձրաձայնվի եւ դա իրականություն չլինի: Ինձ թվում է, որ դա իսկապես իրականություն է, որովհետեւ երբ 2015 թվականից այս քաշքշուկը սկսվեց, ես լրատվամիջոցներից ինֆորմացիա եմ ստացել, որ կողքի շենքի առաջին հարկը գրավադրված է եղել բանկում եւ հետագայում սեփականատերը դարձել է նրա մորաքրոջ որդին: Կողքից բոլոր խոսակցություններն էլ դա է: Նույնիսկ բակի բնակիչներն են ասում, որ ասել են՝ սպասեք, սրճարանի սեփականատերը դառնան, հետո նոր կտեսնեք, թե այգում ինչ ենք անելու: Ու տալիս են համապատասխան մարդկանց անունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում