Լոնդոնում երկնքից ճանապարհին ընկած սառցաբեկորը, բարեբախտաբար, չի վնասել դրանից քիչ հեռու կանգնած մարդկանց, փոխանցում է The Independent-ը:

Հրապարակված տեսանյությում երեւում է փողոցի հավաքարարը եւ եւս մի քանի մարդ: Երբ սառցակտորն ընկնում է, զարմացած հավաքարարը մի կողմ է ցատկում:

Richmond and Twickenham Times թերթին տված հարցազրույցում  հավաքարար Սերգեյ Մեշկովը պատմել է կատարվածի մասին. «10 կգ կշռող սառույցի կտորն ընկավ կամ երկնքից, կամ ինքնաթիռից: Այդ ամենը շատ արագ տեղի ունեցավ: Ես վախեցած չէի, բայց այն կարող էր ինձ սպանել: Կարծում եմ՝ բախտս բերեց»:

Քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչը պատմել է, որ սառույցներ իսկապես երբեմն ընկնում են ինքնաթիռներից, սակայն այդ դեպքի առիթով դեռ վստահ չեն՝ հնարավոր է նաեւ, որ այն օդերեւութաբանական երեւույթ է եղել: