Պոլսահայ համայնքում պատրիարքի ընտրությունները նոր անցանկալի զարգացումներ են գրանցել հայ համայնքի ներկայացուցիչների եւ թուրքական իշխանությունների հետ կայացած հանդիպման արդյունքում։

Պոլսո հայոց պատրարքարանը հայտարարությունէ տարածել, որ հաշվի առնելով Ստամբուլի նահանգապետարանի նամակը, որում շեշտվել է, թե պետությունը փոխպատրիարք է շարունակում ճանաչել արք. Արամ Աթեշյանին եւ անօրինական համար արք. Բեչքյանի ընտրություններն ու նրա կայացրած որոշումները, շեշտել է, տեղի ունեցել Կրոնական ժողովի նիստ։

Նիստում որոշում է կայացվել հետ վերադառնալ 2010 թվականի իրավիճակին, երբ իշխանությունների կողմից փոխպատրիարք է նշանակվել արք. Արամ Աթեշյանը, այսինքն, Պոլսո հայոց փոխպատրիարքի պարտականությունները շարունակելու է կատարել արք. Արամ Աթեշյանը։

Նշվում է, որ նախորդ տարի պատրիարքի տեղապահ ընտրված արք. Բեքչյանը չի մասնակցել ժողովին՝ բանավոր հայտնելով իր հրաժարականի մասին։

Նշենք, որ Պոլսո հայոց պատրիարք, արք. Մեսրոպ Մութաֆյանը գտնվում է անկողնային վիճակում եւ ֆիզիկապես արդեն 10 տարի չի կարողանում իրականացնել իր պարտականությունները։ Ավելի ուշ, երբ հայ համայնքը որոշում է նոր պատրիարքի ընտրություններ անցկացնել, թուրքական կառավարությունը փոխպատրիարք է նշանակում արք. Արամ Աթեշյանին։ Նման պաշտոն չկա հայ եկեղեցում։

Հայ համայնքին սա չի բավարարում, քանի որ արք. Աթեշյանը նշանակված անձ լինելով՝ կաշկանդված է հայ համայնքին լիարժեք ծառայելու մեջ եւ իշխանամետ պահվածքով է մշտապես հանդես եկել։

Այս պայմաններում 2016–ին Ստամբուլի հայ համայնքի ճնշման տակ արք. Արամ Աթեշյանը հրաժարական է տալիս եւ պատրիարքական տեղապահի ընտրություն է անցկացվում։ Արդյունքում պատրիարքական տեղապահ է ընտրվում արք. Գարեգին Բեքչյանը։ Այնուհետ սկսվում է նոր պատրիարքի ընտրության գործընթաց, որի շրջանակներում ստեղծված պատրիարքի նախաձեռնող խումբը մի քանի անգամ դիմել է Ստամբուլի նահանգապետարանին եւ ՆԳՆ–ին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։

Իսկ փետրվարի 5–ին Ստամբուլի նահանգապետարանի ուղարկած նամակում նշվել է, թե Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռ ողջ է, եւ նոր պատրիարք ընտրելու համար անհրաժեշտություն դեռ չկա եւ շեշտվել, որ չեն ճանաչում արք Բեքչյանին ու նրա որոշումները օրինական չեն ընդունում։

Այնուհետ փետրվարի 7–ին հայ համայքնի ներկայացուցիչները հանդիպում են Թուրքիայի ՆԳ նախարարի, Ստամբուլի նահանգապետի, Ստամբուլի ոստիկանապետի, Ստամբուլի ժանդարմերիայի հրամանատարի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հանդիպումը փաստացի անօգուտ է եղել հայ համայնքի համար, քանի որ 2 օր անց արք. Արամ Աթեշյանը կրկին դարձավ փոխպատրիարք։ ՆԳ նախարարը հայտնել է, որ հայ համայնքի հետ հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու մեկ ամսից, երբ ինքը հայերի պահանջների մասին կհայտնի նախագահին ու վարչապետին։