Գերմանական Volkswagen-ը վերջին վեց ամիսների ընթացքում հրաժարվել է հին ստանդարտի դիզելային շարժիչներով 150 հազար ավտոմեքենաներից: Ինչպես տեղեկացրել է ընկերության մամուլի ծառայությունը, դա հնարավոր է դարձել անել մի ծրագրի շնորհիվ, որով ընկերությունը սուբսիդավորում է հին մեքենայի փոխանակումը ավելի էկոլոգիական տեսակով:

«Գերմանիայում ավելի շատ մարդիկ որոշեցին մեր բոնուսներից օգտվել եւ Եվրո-6 շարժիչներով մեքենաների անցում կատարել, քան մենք կարծում էինք», - ասել է վաճառքի բաժնի ղեկավար Ֆրեդ Կապլերը:

Նրա խոսքով՝ ծրագիրը որոշել են երկարաձգել մինչեւ 2018-ի մարտի 31-ը:

Վերջին տարիները նշանավորվել էին դիզելային ավտոմեքենաների շուրջ մի քանի մեծ սկանդալներով: Հենց սկզբից Volkswagen-ը դիզելային սկանդալի կենտրոնում էր:

2015-ին պարզ դարձավ, որ ընկերության մեքենաները հագեցված էին ծրագրային ապահովմամբ, որը թույլ էր տալիս արտանետիչ գազերում վնասակար նյութերի պարունակության ցուցանիշները նվազեցնել:

Այս համակարգի շնորհիվ, ստացվում էր, որ մեքենան լիովին համապատասխանում է ընդունված նորմերին:

Իրականում դրանք 30-40 անգամ գերազանցում էին օդի աղտոտման թույլատրելի չափը: