Կառավարությունը, անցնելով ծրագրային բյուջետավորման, մտադիր է բարձրացնել բյուջետային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Այս մասին փետրվարի 10-ին՝ «Զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների իրազեկում» սեմինարի ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ ծրագրային բյուջետավորումը հնարավորություն է տալիս ներկայացնել ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ արդյունքային ցուցանիշները, որոնք իրենց հերթին թույլ կտա գնահատել ծրագրի իրականացվելիությունը:

«Արդյունքային ցուցանիշները կօգտագործվեն խորհրդարանի եւ հանրության կողմից՝ ներդրված միջոցների համապատասխանությունը ծրագրի արդյունքներին գնահատելու համար»,- նշեց ֆինանսների փոխնախարարը: Նա նաեւ հավելեց, որ այսուհետ կներկայացվեն նախատեսված ծրագրի ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ արդյունքային ցուցանիշները:

2019 թ-ից ՀՀ-ն անցնում է 100 տոկոսով ծրագրային բյուջետավորման համակարգի: խորհրդարանը ընդունել է «Բյուջետային համակարգի մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» օրենքներում փոփոխություննր կատարելու օրենքի փաթեթը:

Փոփոխությունների համաձայն՝ կներդրվի ծրագրային բյուջետավորում: Այսպիսով, բյուջեից միջոցները կուղղվեն տարբեր նախարարությունների կողմից իրականացվող կոնկրետ ծրագրերին, այլ ոչ թե՝ նախարարություններին, ինչպես նախկինում էր, որոնք ինքնուրույն էին որոշում՝ ինչպես ծախսել պետության կողմից տրամադրված ֆինանսավորումը: