Եթե 2017 թվականին Հայաստանի ավելի քան 25 հազար քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու հարցը սթափ դիտարկենք, ապա այդ թվերը եւ դրանց աճը ոչ մի կերպ չեն հաստատում Հայաստանի կառավարության կողմից հրապարակված տնտեսական աճի ցուցանիշները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, եթե Հայաստանում իսկապես տնտեսական աճ լիներ, այլ ոչ թե զուտ Կառավարության կողմից թղթի վրա գրված եւ ներկայացված թվեր, ապա արտագաղթի եւ քաղաքացիությունը փոխելու այսպիսի բարձր տեմպեր հանրապետությունում չէին լինի:

 «Ավելացել է ոչ միայն ՌԴ մեկնողների քանակը, այլեւ Եվրոպայի տարբեր երկրներ ձգտողների թիվը: Ես կարծում եմ, որ արտագաղթը Հայաստանի անվտանգության համար լրջագույն խնդիր է դառնում»,- ասել է Զոհրաբյանը:

Զոհրաբյանը նշել է, որ իր համար տնտեսական աճը նոր աշխատատեղերի բացում է եւ աշխատավարձերիի բարձրացում, ինչը ոչ միայն երկչում չի կատարվում, այլեւ որոշակի հետընթաց է նկատվում:

 «Աշխատավարձերը եւ կենսաթոշակները չեն բարձրանում եւ առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում չեն բարձրանա: Եվ այս պայմաններում, բնակչության բարեկեցության մասին խոսելը, կարծում եմ, պարզապես անպարկեշտ է», - ասել է պատգամավորը` հավելելով, որ միգրացիայի խնդրի լուծման հարցում հարկավոր է լրջորեն մտածել, ոչ թե պոպուլիստական, իմիտացիոն քայլեր ձեռնարկել:

Պետք է նշել, որ 2018 թվականի փետրվարի սկզբին Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել էր, որ 2017 թվականին 25144 հայերին տրամադրվել են ռուսական անձնագրեր: 2017 թվականին հարեւան Ադրբեջանից ռուսական անձնագրեր ստացել է 10394 մարդ, իսկ Վրաստանից` 2535 մարդ: