2018 թվականին Հայաստանի գյուղատնտեսության պետական ֆինանսավորումը 2017 թվականի ցուցանիշի համեմատ 70 տոկոսով կաճի: Այս մասին փետրվարի 10-ին  «ԶԼՄ ներկայացուցիչների իրազեկում» թեմայով սեմինարի ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունն այդ միջոցները կուղղի գյուղատնտեսական տեխնիկայի, սերմերի եւ դիզելային վառելիքի սուբսիդավորման ծրագրերին: «Սակայն գյուղատնտեսական ծրագրերի սուբսիդավորման միջոցով գյուղատնտեսության խթանումը բավարար չէ, անհրաժեշտ է գյուղատնտեսական գոտիներում ենթակառուցվածքները զարգացնել», - ընդգծել է նախարարը:

Նրա կարծիքով՝ սուբսիդավորումը չպետք է հավերժական լինի, քանի որ դա գյուղատնտեսական սուբյեկտներին ֆինանսական անկախությունից կզրկի: «Ենթակառուցվածքների զարգացումը թույլ կտա ընդլայնել ՀՆԱ-ի աշխարհագրությունը: Ինչպես հայտնի է, Հայաստանի ՀՆԱ-ի 60 տոկոսը ձեւավորվում է Երեւանի եւ հարակից տարածքների հաշվին: Իրավիճակը շտկելու համար մենք պետք է զարգացնենք ենթակառուցվածքները Հայաստանի մարզերում», - նշել է Վարդան Արամյանը: