Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը՝ Պոլսո հայոց պատրիարքությունը շարունակում է մնալ թե պոլսահայ, թե աշխարհի հայության ուշադրության կենտրոնում պատրիարքի անգործունակության հետեւանքով ստեղծված իրավիճակի պատճառով։

Ամեն ինչ սկսվեց տարիներ առաջ՝ 2008 թվականից, երբ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը առողջական խնդիրներ ունեցավ եւ չկարողացավ կատարել հոգեւոր առաջնորդի պարտականությունները։ Բայց քանի որ Պոլսո հայոց պատրիարքարանի կանոնադրությամբ պատրիարքը ընտրվել է ցմահ, նոր պատրիարք ընտրելու հնարավորությունը բավականին դժվար կացության մեջ է դրել ստամբուլահայ համայնքին։

Այդ իրավիճակում պետությունը իրերի դրությունն ի նպաստ թուրքական պետության շրջելու համար հայոց եկեղեցում գոյություն չունեցող պաշտոնի է նշանակում այդ ժամանակ Կրոնական խորհրդի առաջնորդ արք. Արամ Աթեշյանին։ Այսինքն, իշխանությունները փոխպատրիարք են նշանակում արք. Արամ Աթեշյանին։

Այս դրությունն, իհարկե, դուր չեկավ Ստամբուլի հայ համայնքի առաջադեմ հատվածին։ Իսկ արդեն արք. Արամ Աթեշյանի կաշկանդված քաղաքականությունը դրդեց հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչներին ու որոշ հոգեւորականներին՝ դեմ դուրս գալ ստեղծված իրավիճակի դեմ եւ պատրիարքին անգործունակ ճանաչել եւ պատրաստվել նոր ընտրությունների։

Այս համատեքստում արդեն գործնական քայլեր ձեռնարկվեցին 2017–ի սկզբին, իսկ արդեն մարտի 15–ին Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվում Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ արք. Գարեգին Բեքչյանը։ Սակայն արք. Աթեշյանը անմիջապես հայտարարում է, թե այդ ընտրությունները թուրքական իշխանությունները չեն ընդունում եւ ինչ–որ գրություն է ցույց տալիս պատվիրակներին։ Արք. Աթեշյանը երկար դիմադրում է հրաժարական տալ, սակայն Էջմիածնում Վեհափառի հետ հանդիպումից  հետո որոշ ժամանակ անց հայտնում է իր հրաժարականի մասին։

Այս ընթացքում Պոլսո հայոց պատրիարքարանում համայնքի ակտիվ մասնակիցների կողմից ստեղծվում է պատրիարքի ընտրության նախաձեռնող խումբ, որը սկսում է պատրիարքի ընտրության հետ կապված առաջին քայլերն անել։ Նախ գրություններ են ուղարկվում Ստամբուլի նահանգապետարան եւ Թուրքիայի ՆԳ նախարարություն, որում նշվում է, որ պատրիարքը անգործունակ է ճանաչվել եւ նոր ընտրություններ են անցկացվելու։  Ընտրությունները նախատեսում էին իրականացնել դեռ 2017–ի դեկտեմբերին, սակայն թուրքական իշխանությունների կողմից պատասխան չի ստացվում, ուստի ընտրությունների անցկացումը հետաձգվում է անորոշ ժամանակով։ Ավելին, նախաձեռնող խումբը արդեն դատական հայց է ներկայացրել ՆԳ նախարարության դեմ։

Իրերի նման զարգացումներում Ստամբուլի նահանգապետարանը արդեն 2018–ի փետրվարի 5–ին նամակ է գրում Պոլսո հայոց պատրիարքարան՝ շեշտելով, որ իրենք որպես փոխպատրիարք ճանաչում են արք. Արամ Աթեշյանին եւ չեն ընդունում արք. Բեքչյանին որպես պատրիարքի տեղապահ եւ նրա որոշումները անօրինական են համարում։

Իսկ արդեն փետրվարի 7–ին Ստամբուլի նահանգապետարան հրավիրված հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչների հետ հանդիպմանը  Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման կրկին շեշտեց, որ պետությունը արք. Արամ Աթեշյանին է նշանակել փոխպատրիարք, քանի որ հայոց պատրիարքը դեռ ողջ է եւ նոր ընտրություններ չեն կարող լինել։

Սակայն հանդիպման վերջում ՆԳ նախարարը խոստացել է հայերի պահանջները նոր ընտրությունների անցկացման հետ կապված փոխանցել նախագահին եւ վարչապետին եւ մեկ ամիս անց կրկին հանդիպել նույն կազմով։

Եւ արդեն այս հանդիպումից էլ 2 օր անց Պոլսո հայոց պատրիարքարանում արտահերթ ժողով է տեղի ունենում, որի ժամանակ կրոնական խորհուրդը հայտնում է, որ ստեղծված իրավիճակում արք. Աթեշյանը կրկին շարունակելու է կատարել իր պարտականությունները։ Մի հետաքրքիր փաստ, որ արտահերթ համաժողովից հետո տարածած հայտարարության մեջ նշվել է, որ արք. Բեքչյանը չի մասնակցել, սակայն բանավոր հայտնել է իր հրաժարականի մասին։

Շատերի մոտ բնական հարց է ծագել՝ ինչո՞ւ եղավ այսպես։ Օսմանյան կայսրության օրոք Հայոց պատրիարքարանը մեծ իրավունքներ է ունեցել։ Նույնիսկ անվանել են պետություն պետության ներսում, սակայն Թուրքիայի հանրապետության կազմում մի քանի անգամ լուրջ խնդիրներ են առաջացրել իշխանությունների պատրիարքների ընտրության հետ կապված։

Նախ, պետք է հաշվի առնել, որ զարգացումները տեղի են ունենում Էրդողանի իշխանության օրոք։ Թուրքական իշխանությունները վերջին տարիներին ազգային փոքրամասնությունների հարցերով բավականին հետընթաց են գրանցել։ Իսկ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ստեղծված իրավիճակը ոչ միայն ազգային փոքրամասնությունների, այլ նաեւ հազարավոր թուրքերի համար մեծ խնդիրներ է ստեղծել։

Այս պայմաններում թուրքական իշխանությունը պարզապես թույլ չէր տա մի ամբողջ հայ համայնքի հոգեւոր կառույցը դուրս գա իր վերահսկողությունից եւ անցնի Գերմանիայից եկած եւ ընտրված հոգեւորականի ձեռքը։

Եւ պետք է շեշտել նաեւ արք. Արամ Աթեշյանի բավականին ինքնավստահ պահվածքը վերջին շրջանում։ Նա կարծես իշխանություններից ուներ երաշխիքներ, որ իրեն աջակցելու են ու ինքը կրկին վերանշանակվելու է։

Անդրանիկ Իսպիրյան