Բնապահպանական ծրագրերի իրականացումն արտաքին պետական պարտքը ծածկելու փոխարեն անհրաժեշտ է հիմնականում արտաքին դոնորների համար: Այս մասին փետրվարի 10-ին  «ԶԼՄ ներկայացուցիչների իրազեկում» թեմայով սեմինարի ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նա նշել է, որ մարման նման մեխանիզմը կգործի միայն երկկողմ պարտքի դեպքում, որն այժմ կազմում է 370 մլն դոլար: «Համաձայնությունները հիմնականում ձեռք են բերվել Ճապոնիայի եւ Գերմանիայի հետ եւ ներկայումս Համաշխարհային բանկի հետ միասին մշակվում են մարման մեխանիզմներ: Սակայն այդ համաձայնությունները նախնական են եւ կիրականացվեն փուլ առ փուլ», - ասել է նախարարը:

Ընդ որում՝ արտաքին պետական պարտքի փոխարեն բնապահպանական ծրագրերի իրականացման որոշումը չի նշանակում, որ Հայաստանը մարման հետ խնդիր ունի եւ նա դրանով համաներում է խնդրում:

«Դա անհրաժեշտ է դոնորներին՝ ֆինանսավորում տրամադրելու համար», - նշել է Վարդան Արամյանը:

Ավելի վաղ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը հայտարարել էր, որ Հայաստանը արտաքին պարտքի մարման դիմաց պարտավորվել է բնապահպանական ծրագրեր իրականացնել: