Հայաստանին բոլորովին պետք չէ, որ պատերազմական այս իրավիճակում, Ադրբեջանի հետ լարված հարաբերությունների պայմաններում, այստեղ հուզումներ, միտինգներ սկսեն, որոնք կարող են երկրի վիճակն ավելի թուլացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով Հայաստանում թանկացումների ալիքի հնարավոր հետեւանքներին:

Նրա խոսքով, երկրում աղքատության ցուցանիշների հանդեպ պետությունը շատ անտարբեր է եղել. «Շուրջ 30 տոկոս աղքատության ցուցանիշի պայմաններում ռիսկ կա, որ մի քանի շաբաթ հետո այն կարող է դառնալ 35-40 տոկոս, որովհետեւ թանկացումներն այնպիսի ապրանքների են վերաբերում, որոնք սպառում են չքավոր մարդիկ: Այսինք թանկացումները կարող են ունեւոր խավին չվնասել, բայց միջինից ցածր խավին լրջորեն վնասել, որովհետեւ նրանք նույնպես թանկացած ապրանքներ է գնում: Հատկապես տաքսու վարորդները, փոքր սերվիսները, ձեռնարկությունները, որոնք կախված են փոխադրումներից, ակցիզային դրույքաչափերից, այլ մթերքների թանկացումներից, նրանք ավելի խոցելի են դառնում»,-ասաց նա:

Տնտեսագետի խոսքով, սա գեներացնելու է աղքատությունը, որովհետեւ ցանկացած թանկացում ենթադրում է, որ հասարակության ինչ-որ շերտ այդ ապրանքներն այդ քանակով արդեն չի կարողանալու գնել. «Դա հաշվի առնելով, այդ բոլորը պետք է ժամանակին կանխարգելել»:

Հարցին, թե ընդհանրապես, հնարավո՞ր է, որ թանկացումները հանգեցնեն սոցիալական լուրջ բողոքի, ցնցումների, հաշվի առնելով, որ «Ելք»-ը թանկացումների դեմ բողոքի ակցիաներ է անցկացնում, Գագիկ Մակարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ հուզումներ Հայաստանում չեն լինի: «Ելք»-ի ակցիան իր անհրաժեշտության մի մասն արդեն կորցրեց՝ թանկացումների վերաբերյալ ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած քննարկումից հետո: Բացի այդ, այն, ինչը պետությունը պետք է փորձի անել, նախագահն արդեն հանձնարարեց, հետեւաբար, «Ելք»-ի ակցիաները, որ պետք է զգոնության բերեին, հիշեցնեին, հորդորեին, որ ինչ-որ լուծումներ գտնեն, արդեն պրոցեսն սկսվել է նախագահի հանձնարարականների ներքո: Դրանից զատ, կառավարությունը շատ ճկունության հնարավորություններ չունի, որ «Ելք»-ի ճնշումների տակ քայլեր կատարի կամ չկատարի»:

Նշենք, որ Հարկային նոր օրենսգրքով հունվարի 1-ից բարձրացել են մի շարք ապրանքների ակցիզային հարկերի դրույքաչափերը, որի հետեւանքով թանկացել է բենզինը, սեղմված գազը, դիզվառելիքը, միսը, կարագը եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքատեսակներ։