Փետրվարի 10-ին Երեւանի Կոմիտասի շենքերից մեկի հորանն ընկած 32-ամյա Լիա Խաչատրյանն մոտակա օրերին կվիրահատվի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից, հավելելով, որ 32-ամյա կնոջ վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր:

«Լիա Խաչատրյանը գտնվում է գիտակից վիճակում, ունի բազմաթիվ կոտրվածքներ: Զուգակցված ողնաշարային վնասվածք ունի` ողնաշարի գոտկային ողերի կոտրվածքներ, կոտրված կրունկոսկր ունի եւ մոտակա օրերին ողնաշարի վիրահատության կենթարկվի»,- հայտնեցին հիվանդանոցի վերակենդանացման բաժնից:

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին, ժամը 22:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 44 շենքի վերելակի հորանը քաղաքացի էր  ընկել:

Պարզվել, որ վերելակը խափանվել է 7-րդ և 6-րդ հարկերի միջակայքում, 1986 թ. ծնված Լիա Խ.-ն մնացել է ներսում, տեղի ուժերով փորձել են դուրս բերել, սակայն քաղաքացին ընկել է վերելակի հորանը:

Փրկարարները Լիա Խ.-ին դուրս են բերել վերելակի հորանից, ցուցաբերել առաջին օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, նա կոտրվածքներ է ստացել։