Ահաբեկչության, բռնության եւ կողոպուտի մեջ կասկածվողը կարողացել է անցնել անվտանգության ստուգումը եւ աշխատանք ստանալ Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում, հայտնում է Daily Mail-ը:

Մոհամմեդ Աբդուլահի Մոհամմուդը փետրվարի սկզբին առաջին կարգի Տերմինալ 3-ի սպասման գոտում բեռնակիր է ընդունվել: Նախկին հանցագործը Մեծ Բրիտանիայի խոշորագույն օդանավակայանում 5 օր է աշխատել:

Այս ընթացքում նա հասցրել է օդանավը մոտ տարածությունից լուսանկարել եւ լուսանկարները համացանցում հրապարակել, որից կարելի է ենթադրել, որ թռիչքուղուն հասանելիություն ունի:

Այս շաբաթավերջին օդանավակայանում պարզել են, որ իրենց նոր աշխատակիցն ընդգրկված է ահաբեկչության մեջ կասկածվողների ցանկում, նա 17 կեղծանուն ունի եւ ծառայողական հարուստ ցուցակ՝ կողոպուտի, փողերի լվացման, սպանության սպառնալիքների եւ բռնության մեղադրանքների տեսքով: Ընդհանուր առմամբ, 31-ամյա Մոհամմուդը բանտում 5 տարի է անցկացրել:

Անվտանգության ծառայությունից պարզաբանել են, որ ստուգումը որոշ ժամանակ է տեւում, այս պատճառով անմիջապես չեն կռահել, թե ով է իրենց դեմ կանգնած: Օդանավակայանից նշել են, որ Մոհամմուդը ժամանակավոր անցաթուղթ ուներ, օդանավակայան մտնելիս նրան մանրակրկտորեն խուզարկել են, իսկ երբ պետք է մտներ վերահսկողության բարձր մակարդակով գոտիներ, նրան մշտապես ուեկցել են անվտանգության ծառայության աշխատակիցները, ուստի ձեւականորեն օրենքի խախտում չի կատարվել:

«Հիթրոուն» իր ծանրաբեռնվածությամբ համարվում է աշխարհում երկրորդ եւ Եվրոպայում առաջին օդանավակայանը: Այն ունի ուղեւորների 5 տերմինալ եւ մեկ բեռների, ամեն տարի սպասարկում է 67 մլն ուղեւորի: