Շոտլանդական սպիրտային Twin River գործարանը ստեղծել է աշխարհի ամենաթունդ՝ 77 տոկոսանոց ջինը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով The Daily Record-ը:

Պարբերականի փոխանցմամբ՝ ընկերությունը Uncut անվամբ 101 շշից սահմանափակ խմբաքանակ է թողարկել: Խմիչքը կներկայացվի Շոտլանդիայի հյուսիս-արեւելքում գտնվող Ինվերուրի քաղաքում անցկացվող փառատոնին:

«Երբ թորման մեր գլխավոր մասնագետ Լիամ Փենիքուքը հենց թորման սարքից փորձեց անխառն ըմպելիքը, նա որոշեց, որ այն չափից ավելի լավն է դրանով չկիսվելու համար»,- ասել է ապրանքանիշի ներկայացուցիչ Ռայան Ռոդեսը: Գործարարը նշել է, որ ջիների մեծ մասը 40-50 տոկոս թնդություն ունի, ուստի խմիչքն օգտագործելիս անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել: