Էր Ռիադում գտնվող Ritz Carlton հյուրանոցը, որտեղ 3 ամսից ավելի գտնվում էին կոռուպցիայի մեջ կասկածանքով ձերբակալված սաուդյան արքայազնները, նախկին նախարարները եւ ձեռնարկատերերը, իր դռները բացել է այցելուների համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը հաստատել է հյուրանոցի աշխատակիցներից մեկը:

Ritz Carlton-ի պաշտոնական կայքի տեղեկությունների համաձայն՝ ամրագրումը հասանելի է փետրվարի 11-ից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տասնյակ բարձրաստիճան անձանց համար բանտարկության վայր դարձած հյուրանոցը աշխատանքը կվերսկսի փետրվարի 14-ին:

Հունվարի 24-ին Էր Ռիադը հայտարարել էր քննության ավարտի մասին, որով անցնում էին թագավորության տասնյակ բարձրաստիճան հպատակներ: Դատախազությունից հայտնել էին, որ ձերբակալվածների մեծ մասը համաձայնվել է մինչդատական կարգավորմանը, որի շրջանակում պետությանը կհաջողվի վերադարձնել գրեթե 106 մլրդ դոլար: Ըստ որում՝ գործարքից հրաժարված 56 մարդ կալանքի տակ են մնում եւ դատարանի առջեւ կկանգնեն:

Նոյեմբերի սկզբին Կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագույն կոմիտեն՝ գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ սաուդի ղեկավարությամբ Էր Ռիադի Ritz Carlton հյուրանոցում հսկողության տակ էր պահում թագավորական ընտանիքի տասնյակ անդամների, պետական ծառայողների եւ ձեռներեցների՝ նրանց մեղադրելով ֆինանսական եւ պաշտոնեական հանցագործությունների մեջ: Ինչպես հայտարարել էր գահաժառանգ արքայազնը, մեղադրվողների 95 տոկոսը գործարքին համաձայնվել էր՝ իրենց ակտիվների մի մասը իշխանություններին փոխանցելով հասցրած վնասի հաշվին, որը վերջին տարիներին հասել է 100 մլրդ դոլարի: