ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը փետրվարի 8-ին ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից ֆինանսավորվող «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Գերմանիա ժամանած սիրիահայ գործարարներ խմբին։

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ սիրիահայ գործարարները եւ Հայաստանում գերմանական տնտեսվարողների միության ներկայացուցիչները ՀՀ դեսպանին հակիրճ ներկայացրել են իրենց այցի նպատակը եւ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ողջունելով հյուրերին` դեսպան Սմբատյանը նշել է, որ Սիրիայից մեր հայրենակիցների ընդունումը, նրանց կեցության ապահովումը եւ լիարժեք ինտեգրումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է: Հայաստանը հանձնառու է առավելագույնս նպաստել Սիրիայից փախստականների առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, եւ այս ճանապարհին մեծապես կարեւորում ենք նաեւ մեր եվրոպացի գործընկերների` գերմանացիների աջակցությունը` ուղղված ինտեգրման, մասնավորապես գործարար ոլորտում նրանց կայացման գործընթացն առավել հարթ դարձնելուն:

ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել գերմանական իշխանություններին` «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագիրը կյանքի կոչելու համար, որի առաջին արդյունքներն արդեն իսկ տեսանելի են:

Գերմանիա այցի շրջանակներում սիրիահայ գործարարները հանդիպումներ են անցկացրել Գերմանիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, քննարկել ապագա համագործակցության հեռանկարները: