«Սարատովի ավիաուղիների» Ան-148 օդանավի անձնակազմի հետ կապն ընդհատվել է «Դոմոդեդովո» օդանավակայանից թռչելուց մի քանի րոպե հետո, տեղորոշման կայանքներից օդանավն անհետացել է, օդանավում, նախնական տեղեկություններով, եղել է 65 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ, հայտնել է «Ռոսավիացիայի» ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դոմոդեդովո» օդանավակայանից Մոսկվայի ժամանակով 14.21-ին օդ է բարձրացել «Սարատովի ավիաուղիների» Ան-148 օդանավի Մոսկվա-Օրսկ 703 չվերթը: Նախնական տեղեկություններով՝ օդանավում եղել է 65 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ: Թռիչքից մի քանի րոպե հետո օդանավի անձնակազմի հետ ռադիոկապն ընդհատվել է, տեղորոշման կայանքներից անհետացել է օդանավի նշանառումը: Նախնական տեղեկություններով՝ կապն ընդհատվել է Մերձմոսկվայի Ռամենսկի շրջանում»,- հայտարարել են «Ռոսավիացիայից»:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ներկայումս ներգրավված են «Ռոսավիացիայի», ԱԻՆ-ի, ընդհանուր նշանակության ավիացիայի որոնողափրկարարական ուժերը, որոնք Ռամենսկի շրջանում օդանավը որոնում են ըստ այն կոորդինատների, որտեղ անհետացել է օդանավի նշանառումը:

Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտի դատախազությունը եւ Հարավային տրանսպորտի դատախազությունը ստուգումներ են սկսել Մորձմոսկվայում Ան-148-ի կործանման հետ կապված:

Դրանից զատ, Մի-8 2 ուղղաթիռներ Չկալովի եւ Մյաչկովոյի օդանավակայններից թռչել են Մերձմոսկվայում Ան-148-ի կործանման ենթադրյալ վայր, ուղեւորների թվում մեկ երեխա կա, հայտնել է Մերձմոսկվայի արտակարգ ծառայությունում աղբյուրը:

«Օդանավն ընկել է Ռամենսկի շրջանի Ստեպանովսկ բնակավայրի մոտ: Օդանավում 65 մարդ է եղել, այդ թվում՝ երեխա, եւ անձնակազմի 6 անդամ: Չկալովից եւ Մյաչկովոյից թռչել են փրկարարներով 2 Մի-8-եր՝ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար»,- ասել է աղբյուրը: