Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն այսօր` փետրվարի 11-ին, հանդիպել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանի հետ:

Վերջինս NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ քննարկել են իրենց կուսակցությանը հետաքրքրող հարցերը:

«Մենք քննարկել ենք կուսակցությանը հետաքրքրող հարցեր, նաեւ պայմանավորվել ենք, որ հանդիպում լինի մեր կուսակցության խորհրդի անդամների, մտավորականների խորհրդի հետ, այնպես որ ապագայում դա կլինի: Իսկ այսօրվա հանդիպմանը ես ներկայացրել եմ մեր կուսակցության մտահոգությունները երկրի ներքին, արտաքին հարցերի հետ կապված, տնտեսական զարգացման խնդիրները, առողջապահության մակարդակը, պետական պարտքի հետ կապված խնդիրները քննարկել ենք մի շարք կոնկրետ հարցադրումներ: Ինքը ավելի շուտ լսել է այն, ինչ-որ ես եմ ասել»,- նշեց Արամ Գ. Սարգսյանը:

ՀԴԿ ղեկավարը հավելեց, որ ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածուի հետ առաջիկա հանդիպման ժամանակ արդեն Արմեն Սարգսյանը կներկայացնի, թե ինչպես է պատկերացնում երկրի հետ կապված այդ  կարեւոր հարցրադրումների լուծումները:

Արամ Գ. Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը դրական է գնահատում Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում, քանի որ վերջինս լրիվ  համապատասխանում է այդ բարձր պաշտոնին. «Արմեն Սարգսյանի բոլոր հնարավորությունները, կարողությունները, անցած ուղին իրոք հաստատում են, որ ինքը կարող է այդ բարձր պաշտոնը գրավել եւ պաշտոնավարել: Ես որեւէ խոչընդոտ եւ հարց չեմ տեսնում այս առումով: Ես գտնում եմ, որ սա ճիշտ ընտրություն է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սահմանադրական փոփոխությունների համաձայն, ՀՀ նախագահին առաջին փուլում ընտրելու համար անհրաժեշտ է, որպեսզի 105 պատգամավորներից առնվազն 79-ը կողմ քվեարկեն, մինչդեռ իշխող կոալիցիայի (ՀՀԿ եւ ՀՅԴ) պատգամավորների թիվը կազմում է 65 պատգամավոր։ Այսինքն՝ նախագահ ընտրելու համար անհրաժեշտ կլինի եւս 14 ձայն, հետեւաբար, այս հարցում ՀՀԿ-ին անհրաժեշտ է ունենալ ոչ իշխանական պատգամավորների աջակցությունը։