Երեւանում, այսօր՝ փետրվարի 11-ին, Ռամկավար Ազատական Կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամների եւ ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանի հետ:

ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը ներկայացնելով Արմեն Սարգսյանին նշեց, որ վերջինիս թեկնածության առաջադրումը պետության համար այդ կարեւորագույն պաշտոնում ոգեւորող է կուսակցության համար, քանի որ լավ ծանոթ լինելով Արմեն Սարգսյանի գործունեությանը թե Հայաստանում եւ թե Սփյուռքում, ակնկալում են նոր քաղաքական մշակույթի ձեւավորում եւ զարգացման նոր իրողություն Հայաստանի համար:

Արմեն Սարգսյանը նշեց, որ նախ ուզում է լսել կուսակցության ակնկալիքներն ու մոտեցումներն ինչպես իր առաջադրման, այնպես էլ հայաստանյան ու համահայկական խնդիրների վերաբերյալ, ապա ներկայացնել իր տեսլականը:«Եկել եմ ձեզ լսելու», ասաց նա, հիշելով  անկախության առաջին տարիների իր այցելություններն «Ազգի» խմբագրություն, երբ միտքը զբաղված էր համակարգչային ծրագրերի համար հայկական տառատեսակներ ստեղծելու գաղափարով:

ՌԱԿ ներկայացուցիչները, ներկայացնելով իրենց մոտեցումները համահայկական հիմնախնդիրների վերաբերյալ,  խոսում էին Հայաստանի ներսում օրենքի գերակայության, ներքին մթնոլորտը փոխելու, Սփյուռքի հետ հարաբերությունները նորովի կառուցելու, Սփյուռքի ցանցային կառույցներն արդյունավետ եւ ի նպաստ համահայական խնդիրների լուծման գործածելու անհրաժեշտությունից: Առանձնակի բարձրացվեց գիտության ու կրթութան զարգացմանը նպաստելու, զանգվածային լրատվամիջոցների անկախությանը նպաստելու  նոր քաղաքական մշակությի ձեւավորելու անհնարաժեշտությունը:

Արմեն Սարգսյանը ներկայացրեց բարձրացված հարցերի վերաբերյալ իր մոտեցումներն ու տեսլականը: