Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է կառավարության ղեկավարի պաշտոնում չորրորդ ժամկետն ամբողջությամբ աշխատելու մասին: Այս մասին նա ասել է ZDF հեռուստաընկերության եթերում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: «Ես պատկանում եմ այն մարդկացն թվին, ովքեր կատարում են իրենց խոստումները», - նշել է նա: Բացի այդ, Մերկելը մտադիր է դրան զուգահեռ աշխատել որպես իր կուսակցության` Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ:

Վերջին օրերին Կանցլերի հասցեին խիստ քննադատություն է հնչեցվել իր կուսակցության անդամների կողմից, երբ հայտնի է դարձել, որ կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում ՔԴՄ-ն համաձայնել է ֆինանսների նախարարության ղեկավարումը տալ Սոցիալ-դեմոկրատներին: Մի շարք քրիստոնյա դեմոկրատներ այս քայլը անհարկի զիջում են անվանել:

Կանցլերի չորրորդ ժամկետը, որը կտեւի մինչեւ 2021 թվականը, պաշտոնապես կսկսվի, եթե Սոցիալ-դեմոկրատները հաստատեն կոալիցիայի մասին համաձայնագիրը: