Աբսուրդ է, որ ՀՀ Անվտանգության խորհրդում չեն լինելու հանրապետության նախագահն ու Ազգային ժողովի նախագահը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը` նշելով, որ այս մտահոգության մասին նաեւ հայտնել է Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանին, այսօր կայացած հանդիպման ժամանակ:

«Այն բացատրությունը, որ տրվում է, մեզ համար հասկանալի եւ ընդունելի չէ, թե իբր վերահսկողություն պետք է ապահովվի: Անվտանգության խորհուրդը վերահսկելու խորհուրդ չի, այն քննարկման, լուծումներ տալու վերլուծություններ անելու կառույց է եւ չտեսնել այնտեղ 2 կարեւոր անձերին` հանրապետության նախագահին եւ Ազգային ժողովի նախագահին դա ուղղակի աբսուրդային է»,-ասաց Արամ Գ. Սարգսյանը:

ՀԴԿ ղեկավարի կարծիքով, ավելին, անվտանգության խորհուրդը պետք է լինի նախագահին կից կառույց, այլ ոչ թե վարչապետին կից:

Արամ Գ. Սարգսյանը հավելեց, որ ներման իրավունքը նույնպես պետք է պատկանի ՀՀ նախագահին, քանի որ Սահմանադրությամբ նախագահն է երկրի գլուխը հանդիսանում:

Հայաստանում ստեղծվող խորհրդարանական համակարգը, ըստ ՀԴԿ ղեկավարի, ծայրահեղ ծանրաբեռնված է մեկ բեւեռում, ինչը նորմալ չէ. «Ժողովրդական համակարգը պահանջում է, որպեսզի իշխանության տեղերը իրար հավասարակշռեն եւ կարողանան միասնական գործողություններ իրականացնեն: Այստեղ ոչ թե կարեւոր է, թե ով է լինելու գլխավորը, այլ հարցն այն է, թե ոնց է լինելու, որ այդ եռանկյունում գտնվող անձերը կարողանա  հնարավորինս համակարգված կարողանան աշխատել, որովհետեւ դա պետության շահերից է բխում: Ես գտնում եմ, որ այս համակարգում ամեն ինչ կենտրոնացված է լինելու մեկ անձի ձեռքում, ինչը խորհրդարանական հանրապետություն չի լինելու»:

Արամ Գ. Սարգսյանի կարծիքով` այժմ եկել է պահը ամրապնդելու եւ նախագահի, եւ վարչապետի, եւ Ազգային ժողովի լիազորությունները, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան: