Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կրկնակի հարկման բացառման հարցը կքննարկվի մարտին միջկառավարական հերթական նիստի ժամանակ: Այս մասին լրագրողներին հայտնեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով՝ տվյալ հարցը մշտապես օրակարգում է եւ վերջին անգամ քննարկվել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ նախարարի հանդիպման ժամանակ:

«Կողմերը ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ կրկնակի հարկման բացառման հարցում՝ մենք մեր փաստարկներն ենք բերում, իրենք՝ իրենց: Գուցե այս խնդրի լուծման համար այլ մոտեցում է պետք»,- նշեց Վարդան Արամյանը:

Նրա խոսքով՝ կրկնակի հարկման բացառման մասին համաձայնագիրի բացակայությունն ամեն դեպքում տնտեսվարողներին խոչընդոտում է կողմերի համար դրական լուծումների ընդունմանը, եւ նման օրինակ մեկ անգամ արդեն գրանցվել է: Մասնավորապես՝ «Կոնտուր Գլոբալը» հայկական շուկա մտավ այլ՝ լյուքսեմբուրգյան ընկերության միջոցով, ասաց նախարարը:

«Սա միանգամայն տրամաբանական է. Լյուքսեմբուրգի հետ կնքվել է կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր, եւ այս օրինակն ակներեւորեն ցույց է տալիս կրկնակի հարկման բացառման չափից ավելի անհրաժեշտությունը, եթե ցանկանում ենք ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերն ընդլայնել»,- նշեց Վարդան Արամյանը:

Նա դժվարացավ համաձայնագրի կնքման բանակցությունների ժամկետներ նշել, սակայն ասաց, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը առաջին անգամ դրական է արտահայտվել 2 երկրների միջեւ կրկնակի հարկումը բացառելու հարցի լուծման մասին:

Ավելի վաղ քալիֆորնիացի կոնգրեսականներ հանրապետական Դեւիդ Վալադոն եւ դեմոկրատ Բրեդ Շերմանը նամակ էին ուղարկել իրենց կուսակցությունների մյուս անդամներին, ինչպես նաեւ ԱՄՆ ֆինանսների նախարարին՝ կոչ անելով Հայաստանի հետ վերսկսել կրկնակի հարկման բացառման պայմանագրի կնքման բանակցությունները: