Բուլղարիայի նախագահ  Ռումեն Ռադեւի գլխավորած պատվիրակությունն, այսօր՝ փետրվարի 12-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտոռեպորտաժ):

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին: Ռումեն Ռադեւը գրառում է կատարել հուշամատյանում: Բուլղարիայի նախագահը նաեւ եղեւնի է տնկել հիշատակի պուրակում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 11-ի երեկոյան Հայաստան է ժամանել Բուլղարիայի նախագահ  Ռումեն Ռադեւը։ Նա Հայաստան է ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով։

Այցի շրջանակներում նախատեսված են Բուլղարիայի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:

Նախագահ Ռումեն Ռադեւին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կհյուրընկալի նաեւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետի հետ հանդիպումից հետո Բուլղարիայի նախագահը կայցելի Մայր Տաճար եւ գանձատուն:

Հանրապետության նախագահի նստավայրում հայ-բուլղարական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ռումեն Ռադեւը ԶԼՄ-ների առջեւ հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Նախատեսվում է նաեւ Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Հայաստան պետական այցի շրջանակներում Բուլղարիայի Հանրապետության նախագահը կայցելի նաեւ Մատենադարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն եւ Պեյո Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոց: